Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաշես Գեղամյանի վարաքագիծը քննող ԱԺ Էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-6

ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի՝ քննելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի վարքագիծը: Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց Ելք խմբակցության նախագիծը: Նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարությունը, որ 2017թ. հոկտեմբերի 5-ին Արտաշես Գեղամյանը ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա: «Ուզում եմ հասկանալ՝ բռունցքներով հարձակվելը ի՞նչ է իրենից ներկայացնում՝ այնուամենայնիվ, հարվածե՞լ է, թե ուղղակի հարձակվել է, քանի որ բռունցքներով հարձակվել բառակապակցությունն ինձ համար անհայտ է. բռունցքները մարդու օրգանիզմի ինչ-որ մաս են, դրանցով չեն կարող հարձակվել»,- նկատեց Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: «Այ, հանձնաժողովը դա էլ կպարզի»,- արձագանքեց Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Բռունցքներով հարվածելը, չգիտեմ... կարող է բռունցքները պարզել է ու 6 մետր վազել է առաջ: Հիմա չգիտեմ՝ դա ինչ է. եթե հարվածել է, ուրեմն հանձնաժողովի վերաբերմունքն այլ կլինի»,- ավելացրեց Հրայր Թովմասյանը:  Հարակից զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը դեմ էր նախագծին: Նա առաջարկում էր վերնագրից հանել Արտաշես Գեղամյանի անունը, փոխարենը նշել միայն միջադեպի ամսաթիվը. «Վերնագիրն արդեն խոցելի է: Վերնագրով արդեն իսկ կանխակալ, անմեղության կանխավարկածը խախտելով մեղադրում ենք պատգամավոր Արտաշես Գեղամյանին, որ ինքը թույլ է տվել պատգամավորական էթիկայի կանոնների խախտում»: «Առաջարկում եք՝ տեղի ունեցած դեպքը գրել ամսաթվով, բայց էդ օրը, ասենք, տեղի է ունեցել մի 4 հատ էլ ավտովթար: Էդ օրը մեկը մյուսի ոտն էլ տրորել է ճաշարանում, մեկը մյուսի, ասենք, քամած մածունն է կերել, ինչ իմանամ՝ էլ ինչ միջադեպ եղած կլինի: Մենք ասում ենք՝ տեղի է ունեցել քաղաքական լուրջ միջադեպ»,- հայտարարեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:               Խնդրի լուծման այլ տարբերակ է առաջարկում Հրայր Թովմասյանը. «Երկու չափահաս տղամարդկանց միջեւ, եթե մյուս կողմն ասում է, որ եղել է բանավեճ, ես չեմ ուզում, որ սա նախադեպ լինի եւ ԱԺ-ում նման միջադեպերը քննարկվեն: Հիմա միգուցե ես ոչ իրավական ընթացակարգ եմ առաջարկում, սակայն կողմնակիցն եմ, որ նման խնդիրները պետք է լուծվեն այլ ընթացակարգերով, որոնք այս դեպքում իրավական կարգավորումներ չունեն»:              Շուրջ 3 ժամ տեւած հանձնաժողովի նիստում մինչեւ երկու ամսով հետաձգվեց «Ծառուկյան» խմբակցության՝ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն՝ իրենց իսկ առաջարկով: Ըստ նախագծի՝ ընտրությունները պետք է անցկացվեն պարզ, հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ դաշինքի մեկ ընդհանուր ցուցակով: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին չի գոհացրել Կառավարության եզրակացությունը. «Այն հիշեցնում է տուրիստական պուտեվադիտել ընդամենը, որտեղ նշված է, թե ընտրական ինչ մոդելներ կան աշխարհում, իսկ վերջում ինչ-որ էվրիպիդեսյան եզրահանգում է արված, որ գլոբալ լավագույն մոդել, որ կարելի է կիրառել որեւէ երկրում, գոյություն չունի»:             Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց աղմկահարույց «Դատական օրենսգրքի» նախագծին, որը ԱԺ-ում կքննարիվի 2-րդ ընթերցմամբ: Նախագծով դատավորների թիվն ավելացել է 12-ով, Երեւանում կգործի սնանկության գործերով մասնագիտացված դատարան, ինչպես նաեւ՝ փաստաբանների նկատմամբ նախատեսված 100 հազար դրամ տուգանքն այս օրենսգրքից կտեղափոխվի «Դատավարական» օրենսգիրք: