Հաջորդ նախագահը Հայաստանում իրավիճակ փոխել չի կարող. Հովհաննես Իգիթյան (տեսանյութ)
Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը պայմանավորված չէ հաջորդ նախագահի անձով, Ռուսաստանը բոլոր ոլորտներում մենաշնորհային դիրք ունի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը: «Հայաստանն ամբողջությամբ պրոռուսական քաղաքականություն է տանում, նույնիսկ ստորագրելով ԵՄ համաձայնագիրը, ոչինչ չի փոխվել»: Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, Հովհաննես Իգիթյանը նկատեց. «Արմեն Սարգսյանը հանդիպում է տարբեր ուժերի հետ և փորձում է հասարակությանն ինչ-որ մեսիջներ ուղարկել, պետք է հասկանանք, ինչի մասին պարբերաբար արտահայտվում է նաև թեկնածուն, որ ինքը հասարակության օգնությամբ չի գալիս այդ պաշտոնին: Բացի դրանից, ուղղակի ձևով նա ժողովրդի հավանության կարիքը չունի այդ պաշտոնում ընտրվելու հարցում եւ սպասել, որ այս պաշտոնում ընտրված մարդը կարող է Հայաստանում իրավիճակ փոխել` հնարավոր չէ։ Ըստ փորձագետի, Հայաստանում ամեն պաշտոնում սպասում ենք տեսնել մականունով կամ քրեական անցյալ ունեցող մարդ, գոնե այս պարագայում նախագահի պաշտոնին ներկայացվող մարդն ունի թե փորձ, թե կրթություն: «Ինձ համար դժվար է խոսել Արմեն Սարգսյանի մասին, ես սուբյեկտիվ եմ այդ հարցում, քանի որ վաղուց ճանաչում եմ նրան, ճանապարհ ենք անցել միասին: Իսկ թե ինչպես ինքը կկարողանա տեղավորվել իր կեցվածքով Հայաստանի իրավիճակի մեջ, դա պարզ կլինի ժամանակի ընթացքում»: