Աշոտ Ղուլյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին (տեսանյութ)
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 25-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Անջեյ Կասպշիկին հանդիպման նախաձեռնության համար և շնորհավորել պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նրա՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համակողմանի իմացությունն ու երկար տարիների դիվանագիտական փորձը կնպաստեն խնդրի խաղաղ ու արդարացի լուծմանը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը` խոսելով Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին հանդիպումների ու ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, հույս է հայտնել, որ դրանք դրական ազդեցություն կունենան առաջնագծում իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի վրա: Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նման ձևաչափով հանդիպումների շարունակման երկուստեք պայմանավորվածություն: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին