Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գիշերվա 10-ին դուռը ծեծեցին, ասեցին դուրս եկեք տնից, սա մեր հողն ա» (տեսանյութ)

Հասարակություն
Ռայա-և-Նազար

Նազար Ծատուրյանը 14 տարեկան էր, երբ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում ապրող իր ընտանիքը կարողացավ փրկվել ադրբեջանցիների իրականացրած ջարդից: Փոքր քույրը՝ Նարինեն, 7-րդ դասարանում էր սովորում, տան ամենակրտսերը՝ Արկադին, դեռ դպրոց չէր հաճախում: Իրենց տունն այսօրվա պես հիշում է. «Հիմա աչքերս փակ էլ իջացնեն մեր հայաթ, ուղիղ մեր տունն եմ»:  Ջարդերի մասին լուրերն արդեն տարածվել էին ադրբեջանաբնակ հայերի շրջանում: Ռայա Ծատուրյանի ընտանիքը որոշեց գալ Երևան և Մինգեչաուր քաղաքի իրենց երեքսենյականոց բնակարանը փոխանակել Երևանում ապրող ադրբեջանցիներից որևէ մեկի բնակարանի հետ, սակայն չստացվեց: Երեխաներին թողնելով Հայաստանում՝ ամուսինները ետ վերադարձան: 1988 թ. նոյեմբերի 28-ի  գիշերվա ժամը 10-ն էր, երբ դուռը ծեծեցին ու պահանջեցին ազատել բնակարանը: Ձեռնունայն դուրս եկան տանից ու պատահական ավտոմեքենաներով հասան պապենական տուն՝ Շամախու շրջանի Շիրվանզադե գյուղ: Մի քանի օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվեցին Հայաստան: Տիկին Ռայան նամակ գրեց ռուս հարևանուհուն և իմացավ, որ իր ունեցվածքն այլևս չկա, ադրբեջանցիները թալանել են: Նազարը պատմում է, որ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցով գտել է իր համադասարանցիներին: Նրանք էլ Մինգեչաուրում չեն ապրում, սեփական կամքով լքել են քաղաքը, սակայն խոստացել են. «Որ գնան մեր քաղաքը էքսկուրսիայի, կնկարահանեն, կուղարկեն նկարները»: Տանն ունեն արխիվային նկարներ, որոնք մայրը հավաքել է Հայաստանում ապրող հարազատների մոտից: Տիկին Ռայան ասում է, որ մինչ Ղարաբաղյան շարժումը հայերն ու ադրբեջանցիները համերաշխ են ապրել. «Աշխատել ենք իրար հետ, հարևան հարևանի տուն ենք գնացել, տարուբեր, ինչ ասես, համատեղ ենք եղել, մեզի խոսք ասող չի եղել: Բայց, որ Ղարաբաղի հարցը ընկավ, ասեցին գնացեք, ձեր Ղարաբաղը չե՞ք ուզում, գնացեք ձեր Ղարաբաղը ապրեք: Էսի մեր հողն ա, մեր տունն ա»: Արդեն ուղիղ 30 տարի է, ինչ Ծատուրյանները բնակվում են Արագածոտնի մարզի Ն. Բազմաբերդ գյուղում: Երեխաներն ամուսնացել են, Նարինեն ապրում է Մոսկվայում, Արկադին՝ ԱՄՆ-ում: Ռայա Ծատուրյանը, ով ապրում է ավագ որդու՝ Նազարի հետ, ետ գնալու մասին լսել անգամ չի ուզում. «Փաաաա, ետ գնամ ինչ անեմ, էլ էնտեղ ինչ կա ետ գնամ, իմ գալու օրը սաղ քանդել տարել են, գնամ ետ ես ինչ անեմ, չէէէ, սկի մտքով երեսս էն յան էլ չեմ գնում... գնամ նորից աշխատեմ տուն-տե՞ղ դնեմ նրանց համար»: Օրեր առաջ տիկնոջ թոռնիկը՝ Սմբատը, զորակոչվեց բանակ: 18 տարին լրանալուն պես Նազարն էլ էր ծառայել Հայոց բանակում՝ կամավոր, քանի որ չուներ ՀՀ անձնագիր: