Շվեյցարական ակումբը ֆինանսական պահանջ է ներկայացրել «Ալաշկերտին» (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» պատրաստվելով նոր մրցաշրջանին, այսօր ստուգողական խաղ անցկացրեց 1-ին խմբի ներկայացուցիչ Երեւանի «Արցախի» հետ: «Բանանցի» մարզաբազայի արհեստական խաղադաշտում կայացած հանդիպումը բավական գոլառատ ստացվեց եւ ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3: Բոլոր գնդակները թիմերը խփեցին երկրորդ խաղակեսում, ընդ որում, «Ալաշկերտը» խաղի մինչեւ 85-րդ րոպեն 2:0 հաշվով առջեւում էր: «Այսօր խաղի հաշիվն այնքան էլ էական չէր մեր համար: Կարեւորն այն էր, որ ֆուտբոլիստները ծանրաբեռնված աշխատեցին: Երկու օր հետո մեկնելու ենք Թուրքիա, որտեղ կանցկացնենք 10-օրյա ուսումնամարզական հավաք: Դրա ընթացքում նախատեսել ենք երկու ստուգողական հանդիպում», - խաղից հետո ասաց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Խոսելով թիմում կատարված կադրային փոփոխությունների մասին, փորձառու մասնագետը մասնավորապես ասաց: «Առաջնության առաջին հատվածի ավարտումից հետո, թիմից մեծ թվով ֆուտբոլիտներ են հեռացել: Այժմ էլ խնդիր է առաջացել Արտյոմ Սիմոնյանի հետ, որի ներկայիս ակումբը՝ շվեյցարական «Ցրուրիխը», ֆինանսական պահանջներ է ներկայացրել «Ալաշկերտին», որպեսզի թույլատրի շարունակել ելույթները մեր թիմում: Մենք չենք կարող բավարարել շվեյցարացիների այդ պահանջը, ուստի, Արտյոմ Սիմոնյանը դեռեւս չի միացել թիմին: Այժմ իմ տրամադրության տակ կան ընդամենը 15-16 ֆուտբոլիստ: Դա նշանակում է, որ «Ալաշկերտը» համալրման կարիք ունի», - ասաց Աբրահամ Խաշմանյանը: Ի դեպ, այսօրվա խաղին բացակայում էր «Ալաշկերտի» նորեկ Կամո Հովհաննիսյանը: Ինչպես պարզվեց գլխավոր մարզչի հետ զրույցից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն այժմ փորձաշրջան է անցնում արտասահմանյան ակումբում, սակայն առաջիկա օրերին պետք է միանա թիմին: