Քաղաքապետարանը 2 օր է տրամադրել գործարարին հողատարածքն ազատելու համար (տեսանյութ)
Երեւանի քաղաքապետարանը Մարիետա Խուրշուդյանին տվել է երկու օր ժամանակ 4հա հողատարածքն ազատելու համար։ Հողատարածքը գտնվում է Նուբարաշենի հայտնի ավտոշուկայի մոտ ՝ Նոր Արեշի 45 փողոցում։ Այս մասին հայտնում է Մարիետա Խուրշուդյանի դուստրը՝ Նաիրա Ավետիսյանը, որը հանդիսանում է սեփականության ժառանգորդը։ Նա «Ա1+»-ին տեղեկացրեց, որ 1987 թվականից 4հա հողամասը օրինական վարձակալության հիմունքներով տրվել է Մարիետա Խուրշուդյանին. «2005 թվականին, երբ ընդունվել է Հողային օրենսգիրքը, նոր կարգավորումներ են մտել և 64 հոդվածի 8-րդ կետով սահմանվել է դրույթ, ըստ որի, այն հողամասերը, որոնք օրինական հիմունքով վարձակալությամբ հատկացվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, արդեն հատկացվում են սեփականության իրավունքով»։ Մարիետա Խուրշուդյանին տրվել է նաև սեփականության վկայականը։ «Այսինքն, 2005 թվականից անձը այդ հողամասի նկատմամբ ունի սեփականության իրավունք։ Ի դեպ, այդ սեփականության իրավունքի նոր գրանցում է կատարվել. ջնջվել է օգտագործման իրավունքի այն գրանցումը և նշվել է նոր գրանցում՝ սեփականության իրավունքով»,- ասում է Նաիրա Ավետիսյանի փաստաբան Արմեն Օհանյանը։ Ըստ Նաիրա Ավետիսյանի՝ քաղաքապետարանի աշխատակիցներին այդ վկայականը ցույց տալուց հետո, մի քանի օր անց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից մեկ ուրիշ ծանուցագիր է եկել, որտեղ նշվում է, թե սեփականության վկայականը տրվել է «թյուրիմացաբար»։ «Կարող է, մի գեղեցիկ օր քաղաքապետարանից մեկը գա ու ձեզ էլ ասի «թյուրիմացաբար» ենք սեփականության վկայականը տվել, դուրս եկեք էստեղից։ Ամեն մեկը թող մեզ դնի իր տեղը»,-պատմում է Նաիրա Ավետիսյանը։ Նշենք, որ այդ հողատարածքում է գտնվում վերջինիս բիզնեսը՝ «Նաիրա Ավետիսյան» ՍՊԸ, որը ավտոկանգառի սպասարկում է իրականացնում։ Նաիրա Ավետիսյանը վճռական է տրամադրված և պատրաստվում օրենքով սահմանված կարգով պաշտպանել իր իրավունքները։ Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ։