Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի հավաքականները կկազմավորվեն նոր ձեւով (տեսանյութ)

Սպորտ
a1chess-havaqakan-9.01.

Շախմատի Հայաստանի հավաքականներն այս տարի նոր ձեւաչափով կկազմավորվեն: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը:   «Անցած տարիներին ընդունված 4+1 տարբերակն այս տարի փոփոխության ենք ենթարկել: Տղամարդկանց հավաքականում նախնական տեղեր կստանան բարձր վարկանիշ ունեցող երեք շախմատիստներ: Նրանց կավելանա Հայաստանի նոր չեմպիոնը, իսկ թիմի 5-րդ անդամին կհրավիրի գլխավոր մարզիչը: Կանանց հավաքականի դեպքում հիմնական կազմում կընդգրկվեն բարձր վարկանիշ ունեցող երկու շախմատիստուհիներ: Երրորդ անդամը կդառնա Հայաստանի նոր չեմպիոնը, իսկ մյուս երկուսին կորոշի հավաքականի գլխավոր մարզիչը», - ասաց գլխավոր քարտուղարը:   Ինչպես նշեց Միքայել Անդրեասյանը, այս փոփոխությունները արվել են ելնելով ժամանակի պահանջներից. «Անցած տարվա Եվրոպայի թիմային առաջնությունը ցույց տվեց, որ հավաքականների կազմավորման նախկին ձեւաչափն իրեն այլեւս չի արդարացնում: Նոր տարբերակով հավաքականի մարզիչը հնարավորություն կունենա թիմ հրավիրել այն շախմատիստին, որն տվյալ պահին գտնվում է լավ մարզավիճակում: Երկրորդ, նոր ձեւաչափը հավաքականում խաղալու հնարավորություն է տալիս նաեւ երիտասարդ շախմատիստներին, որոնք թեեւ չունեն համապատասխան վարկանիշ, սակայն ցույց են տալիս բավականին բարձր արդյունքներ»:   Հայաստանի շախմատի ֆեդերացիան 2018 թվականին մեծ ուշադրություն է դարձնելու պատանի շախմատիստների վարպետության բարձրացման վրա: Այդ նպատակով մեր ամենափորձառու շախմատիստ Վլադիմիր Հակոբյանն անհատական պարապմունքներ կանցկացնի առավել շնորհալի երեք պատանի շախմատիստների հետ:   Ինչպես հայտնեց Միքայել Անդրեասյանը, այս տարի Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում մասնակիցները կարող են լրացնել միջազգային վարպետի նորմա, ինչը ուրախալի փաստ է:   «Այս տարի կանանց առաջնությունը բավական ուժեղ կազմ է հավաքել: Դրան կմասնակցեն մեր հավաքականի նախկին անդամներ Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ վերջին երկու տարիների չեմպիոն Մարիա Գեւորգյանը: Նրանցից բացի միջազգային կոչումներ ունեն եւս երեք մասնակիցներ: Դա նշանակում է, որ կանանց առաջնությունում նույնպես լարված պայքար է սպասվում, ինչպես մենք միշտ ականատես ենք լինում տղամարդկանց առաջնության ժամանակ», - եզրակացրեց շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: