ՀՔԿ. երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով «ԲՄՎX6»-ի վարորդը ձերբակալվել է (տեսանյութ)
2018 թվականի հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր Խ.Գասպարյանը տեղափոխվել բժշկական կենտրոն։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորները։ Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն: «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել։ Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմինը տեղեկացել է, որ մահացել է նաև վթարի հետևանքով վնասվածքներ ստացած ոստիկանության՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ի դեպ տարածվել է վթարի տեսանյութը, որը դիտեք ստորև SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վաղը՝ հունվարի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Վարդանյանի (Ճվճըվ Արոյի որդու) նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ քննիչի որոշմամբ ձերբակալվել է և այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են նաև մի շարք փորձաքննություննր, այդ թվում՝ մատնադրոշմային, ավտոտեխնիկական, հետքաբանական։ Ս. Վարդանյանի մարմնից վերցվել է նաև մազ, որպեսզի փորձաքննությամբ պարզվի՝ նա արդյո՞ք եղել է ոգելից խմիչք կամ թմրանյութ օգտագործած վիճակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է կարճատև արձակուրդում, հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ և տվել է խիստ հանձնարարական, որպեսզի Ս. Վարդանյանը իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատաասխանատվության ենթարկվի։ Էլեկտրոնային լրատվամիջոցներում նաև տեղեկություններ տարածվեցին, որ Ս. Վարդանյանի ազգականը իբրև թե դիմել է պատկան մարմիններին, որպեսզի անուղղելի զավակին մեղմ մոտենան, սակայն, մեր տեղեկություններով, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ ազգականն էլ է կողմ, որպեսզի նա խստագույնս պատժվի, քանի որ համբերության բաժակը 1 տարուց ավելի է՝ լցվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, եթե դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, ապա անուղղելի ճիվաղը տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Վարչապետ Կ. Կարապետյանը նաև իր վերահսկողության տակ է պահելու այս գործը, որպեսզի արդարացի վճիռ կայացվի. Ս. Վարդանյանը օրենքի ողջ խստությամբ ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչը դաս կլինի նրա նման հոռացած «ոսկե երիտասարդներին»։ Էլեկտրոնային լրատվամիջոցներով նաև տեսանյութ է տարածվել տեղի ունեցած ավտովթարից, երբ Ճանապարհային Ոստիկանության Toyota-ն կարմիր լույսի առկայությամբ հատում է խաչմերուկը, իսկ «Ճվճըվ Արոյի»՝ քրեական պատմություններով հարուստ, անուղղելի որդին մեծ արագությամբ մխրճվում է Toyota-ի մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միջազգային օրենքներով թույլատրվում է և Ճանապարհային Ոստիկանությանը, և Ոստիկանությանը, և շտապօգնության ու հրշեջ ավտոմեքենաներին, եթե նրանք միացրել են լուսային և ձայնային ազդանշանները, ապա անկախ նրանից, վարորդները պետք է ուշադիր լինեն։ Չի բացառվում, որ Ոստիկանությունը կարող էր ահազանգ ստացած լինել, որ հարձակման է ենթարկվել Ս. Վարդանյանի տունը։