Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձավ 73 տարեկան (տեսանյութ)
ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր նշում է իր ծննդյան 73-ամյակը: Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան։ Երեւանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահն է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել եւ մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաեւ ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու դիպուկ կանխատեսումներով։ 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է եւ վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։ 1989թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. հուլիսին՝ ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990 թ. մայիսն կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաեւ 1996 թ. սեպտեմբերի 22-ին։ Նա 1991-95-ին Բաբկեն Արարքցյանի հետ համատեղ, ղեկավարել է ԳԽ Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության տեքստը արժանացել ԳԽ-ի հավանությանը եւ 1995 թ հուլիսի 5-ին ընդունվել համաժողովրդական հանրաքվեով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետեւանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական է տվել ՀՀ Նախագահի պաշտոնից։ 2008թ մասնակցել է Նախագահի ընտրություններին։ Նա ԱՄՆ նախագահ Թրամփից ընդամենը մեկ տարով է մեծ: Ներկայացնում ենք 2008 թ. «Ա1+»-ի պատրաստած ֆիլմը նրա մասին։