Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ (տեսանյութ)

Սպորտ
a1chess-rapid-1

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնությունում այսօր կայացան առաջին հինգ տուրերը:   Տղամարդկանց մրցաշարում հանդես եկող մեր 5 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Սերգեյ Մովսեսյանը, որը 3,5 միավորով զբաղեցնում է 25-րդ տեղը: Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը բավական անվստահ մեկնարկեց եւ հինգ պարտիայում միայն մեկ հաղթանակ տոնեց ու վաստակեց ընդամենը 2,5 միավոր: Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հրանտ Մելքումյանն իրենց անվան դիմաց գրանցեցին 3-ական միավոր, իսկ Զավեն Անդրիասյանը՝ 2,5:   Վաղը կկայանան հաջորդ հինգ տուրերը: Սերգեյ Մովսեսյանը 6-րդ տուրում հանդիպելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, որը նույնպես վաստակել է 3,5 միավոր: Աղյուսակը գլխավորում են Վրաստանի ներկայացուցիչ Բադուր Ջոբավան ու ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը, որոնք իրենց ակտիվում ունեն 4,5-ական միավոր:   Կանանց առաջնությունում մերոնցից համեմատաբար վստահ է հանդես գալիս Էլինա Դանիելյանը, որը վաստակել է 3,5 միավոր եւ զբաղեցնում է 20-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանն ունի 2,5 միավոր, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը՝ 2-ական:   Կանանց առաջնությունում մրցակցությունից դուրս է չինացի Յու Վենյուն, որը 5 պարտիայում տարել է նույնքան հաղթանակ եւ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում են 8 շախմատիստուհի, որոնք արդեն ետ են մնում մեկ միավորով: 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը կհանդիպի ռուսաստանցի Օլգա Գիրյայի հետ: