Հայաստանի երկու դահուկորդները գործնականում օլիմպիական վարկանիշ ունեն
Դահուկավազքի Հայաստանի հավաքականը վերադարձել է Ֆինլանդիայից, որտեղ գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացրել եւ մասնակցել է վարկանիշային մրցաշարերի: Այդ մասին նշում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Մեր դահուկորդները հանդես են եկել Ֆինլանդիայի չորս քաղաքներում անցկացվող դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) վարկանիշային մրցաշարերում: «Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցելու համար FIS-ի վարկանիշային աղյուսակում պետք է ունենալ 100 եւ պակաս միավոր: Այս պահի դրությամբ Սերգեյ Միքայելյանն ունի 55 միավոր եւ արդեն ապահովել է օլիմպիական ուղեգիրը: Նույնը կարելի է ասել նաեւ Միքայել Միքայելյանի մասին, որը վաստակել է 91 միավոր: Օլիմպիական նորմային մոտ է նաեւ Թադեւոս Պողոսյանը (105): Կատյա Գալստյանն ունի 150 միավոր եւ նա կարող է «սպիտակ քարտի» հույս ունենալ: Հունվարի 20-ին FIS-ը կհրապարակի 2018 թվականի օլիմպիական խաղերի մասնակիցների անունները»,- պարզաբանել է հավաքականի գլխավոր մարզիչը: