Հրանտ Մելքումյանը շարունակում է գլխավորել Լոնդոնի մրցաշարը
London Chess Classic շախմատի գերհզոր մրցաշարի շրջանակում անցկացվող London Chess Classic FIDE OPEN մրցաշարում այսօր կկայանան եզրափակիչ հանդիպումները: Մրցաշարային աղյուսակը 8 տուրից հետո շարունակում է միանձնյա գլխավորել մեր գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց իսրայելցի Տամիր Նաբաթիի հետ եւ իր վաստակած միավորների քանակը հասցրեց 7-ի: Նրան հաջորդում են 7 շախմատիստ, որոնք ունեն 6,5-ական միավոր: Դրանց թվում է նաեւ մեր շախմատիստ Գաբրիել Սարգսյանը, որն ընթացիկ տուրում հաղթեց գերմանացի գրոսմայստեր Ֆլորիան Հանդկեին: Այդպիսով, վերջին տուրում սկզբունքային նշանակություն ունեն 4 պարտիաներ: Դա առաջին հերթին Հրանտ Մելքումյան – Ալեքսանդր Մոտիլյով հայ-ռուսական հակամարտությունն է: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կհանդիպի անգլիացի գրոսմայստեր Ջոնաթան Հոուկինսի հետ: Հրանտ Մելքումյանին հետապնդող մյուս շախմատիստները կազմել են հետեւյալ զույգերը. Ալեքսանդր Դոնչենկո – Տամիր Նաբաթի, Ֆան Վո Թի Կիմ – Սեբաստիեն Մազե: Հենց այս հանդիպումներում կորոշվեն մրցաշարի մրցանակակիրները: