Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս օրենքով կինը կարող է ամուսնուն մեկուսացնել ընտանիքից. Գ. Պետրոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled3-2

«Ընտանեկան բռնության մասին օրենքը տնաքանդություն է»,-ասում է ծառուկյանական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Սոցիական ապահովության նախկին նախարարը համոզված է, որ օրենքը կարող է մահակ դառնալ կանանց ձեռքին ընդդեմ իրենց ամուսինների. «Դժբախտաբար քիչ չեն այնպիսի կանայք, ովքեր այս օրենքի այդ դրույթները կօգտագործեն իրենց ամուսիններին բանտարկելու կամ տարագիր դարձնելու նպատակով»,- ասում էԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը: Ըստ պարոն Պետրոսյանի, օրենքը կարող է սրել այսպիսի կանանց ազատատենչությունը եւ պատահական մեկի ցուցմունքով ոստիկանին թույլ տալ մտնել թեթեւակի անհաշտություն ունեցող հայկական ընտանիք. «Ազատատենչ, նկատի ունեմ այնպիսի կին, որ հավակնություն ունի իր ցանկությունները ասենք, ցանկություններին հագուրդ տալ ոչ միայն իր ընտանիքում, նա կարող է թեթեւակի ընտանեկան վիճաբանությունն օգտագործել որպես ամուսնուն ընտանիքից մեկուսացնելու հիմք եւ սկսել ազատորեն դրսեւորել իր ֆանտազիաները»: Պատգամավորը դեմ է օրենքում թաղային ոստիկանի դերին՝ նա ի՞նչ գործ ունի հայկական ընտանիքում, եթե այնտեղ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն չի կատարվել. «Ի՞նչ ա նշանակում՝ ոստիկանը,-ընդ որում հայտնի չէ նախագծից, թե էդ բողոքը, գանգատը որտեղի՞ց, ի՞նչ ակունքից է գալիս,-ասենք, հարեւանն է բողոքել, մի ականատես, պատահական անցորդ, թե ընտանիքի անդամը, թե ենթադրյալ բռնության ենթարկված անձը,-ընդամենը բանավոր հայտարարության հիման վրա ասում է՝ կարող է հեռախոսով անձին հայտնել նրա նկատմամբ նախազգուշական որոշում կայացրած լինելու մասին եւ արգելել նրա մուտքը սեփական բնակարան»,-հարցեր է բարձրացնում պատգամավորը: Հանրապետական Գագիկ Մելիքյանը կհանգստացներ Գեւորգ Պետրոսյանին՝ Ընտանեկան բռնության օրենքով նախատեսված հանցագործությունները քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հետ կապ չունեն: Ընտանեկան բռնության մասին օրենքի նպատակը բռնությունները կանխարգելելն է. «Այս օրենքը ընդհանրապես որեւէ ընտանիքի չի առնչվում, եթե այդ ընտանիքում բռնություն չկա եւ այդ բռնության մասին ահազանգ չկա»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Պարոն Մելիքյանի համոզմամբ, ավանդական հայ ընտանիքներին օրենքը ոչնչով չի սպառնում: Նույնիսկ եթե այդ ընտանիքներում կան կանայք, որոնք առաջին իսկ աղմուկի դեպքում կդիմեն ոստիկանությանը, միայն թե րոպե առաջ իրենց ամուսնուց ազատվեն. «Եթե որոշ կանայք ուզում են իրենց ամուսիններից ազատվել, առանց այս օրենքի էլ կազատվեն»,- ասում է նա: