Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթանակով սկսեցին Լոնդոնի մրցաշարը
London Chess Classic շախմատի գերհզոր մրցաշարի շրջանակում անցկացվում է նաև London Chess Classic FIDE OPEN մրցաշար: Այս տարի դրան մասնակցում են 48 երկրների 286 շախմատիստ, այդ թվում՝ 36 գրոսմայստեր: Վերջինների թվում են նաեւ Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք իրենց վարկանիշով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ եւ 9-րդ տեղերը: Կայացած առաջին տուրում մեր շախմատիստները հաղթանակ տարան եւ վաստակեցին առաջին միավորը: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթեց հարավկորեացի Սեյուն Կվոնին, իսկ Հրանտ Մելքումյանը առավելության հասավ անգլիացի Թիմ Հեբսի նկատմամբ: Այսօր կկայանա երկու տուր: Մեր շախմատիստները 2-րդ տուրում կհանդիպեն համեմատաբար ցածր վարանիշ ունեցող մրցակիցների հետ: Գաբրիել Սարգսյանը սեւերով կմրցի հնդիկ Շահ Ֆենիլի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը ուժերը կչափի նորվեգացի վարպետ Օլավ Ռիստինգի հետ: Հավելենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Պարգեւատրվում են առաջին 12 հորիզոնականները. 1-ին տեղ՝ 5000 ֆունտ սթեռլինգ, 2-րդ՝ 4000, 3-րդ՝ 3000, 4-րդ՝ 2000, 5-րդ՝ 1000, 6-12-րդ՝ 500-ական: