Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբգար թագավորի հիշատակի շախմատի մրցաշարին կմասնակցեն նաև հոգևորականներ

Սպորտ
sport-chess-30.11.

Դեկտեմբերի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում 5-րդ անգամ կանցկացվի շախմատի մրցաշար։ «Այս տարի մրցաշարին կմասնակցեն տարբեր մարզերի թեմերի, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների՝ բանակի, ոստիկանության ակադեմիայի  ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցողներ եւ այլն։ Այն վերնագրել ենք  «Արքայի տոն՝ արքայական խաղով», քանի որ մրցաշարը նվիրված է Աբգար թագավորին, որը Հայոց առաջին թագավորն է և որը Քրիստոսի երկրային կյանքի ընթացքում ընդունել է նրան որպես Աստված եւ Աստծո որդի»,  - այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդության Սուրբ Սարգիս եկեղեցու եւ երիտասարդական կառույցների հոգեւոր հովիվ Տեր-Պետրոս ավագ քահանա Մալյանը։ Մրցաշարը կանցկացվի երկու փուլով։ Նախ՝  60 մասնակիցները կբաժանվեն զույգերի եւ կմրցեն միմյանց հետ։ Դրանց հաղթողները հետո միաժամանակյա խաղ կանցկացնեն մեր երկու գրոսմայստերների՝ Հայաստանի ներկայիս չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի եւ մինչեւ 20 տարեկանների աշխարհի նախկին չեմպիոն Զավեն Անդրեասյանի հետ։ «Սա մեր առաջին միջոցառումն է, որն անցկացնում ենք «Երիտասարդության տարի» ծրագրի շրջանակում, որը 2018 թվականի համար հռչակել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը։ Հետագայում նախատեսում ենք անցկացնել ֆուտբոլի մրցաշար, ինչպես նաեւ Նավասարդի ժամանակ կկազմակերպենք վազքի եւ հայկական կոխի մրցումներ», - եզրափակեց հոգեւոր հովիվը։