1 միլիարդ` «Հայաստան» զորախմբին, 1.7 միլիարդ՝ կառավարության աշխատակազմին
Նոյեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հաստատմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին հավանություն տալու և այդ առնչությամբ այլ հարցերի մասին» արձանագրային որոշման նախագիծը: Վարդան Արամյանը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո ի հայտ եկած հանգամանքների և նոր տեղեկատվության արդյունքում ծախսերը բարձրացվել են 15 մլրդ դրամով: Նախարարը թվարկել է այն հիմնական բաղադրիչները, որոնք, մասնավորապես, հանգեցրել են ծախսերի ավելացմանը.
- Առաջին բաղադրիչը փոխարժեքի փոփոխությունն է, քանի որ ըստ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի` «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողով է ներկայացվում սեպտեմբերի 1-ի դրությամբ, որից հետո երկրորդ ընթերցման ժամանակ, փոխարժեքի փոփոխության արդյունքում, որոշակի ճշգրտումներ են արվում: Այս դեպքում փոփոխությունը եղել է 5 դրամի սահմաններում, ինչն էլ հանգեցրել է ծախսային մասով շուրջ 1.5 միլիարդ դրամի բյուջեի փոփոխության:
- Երկրորդ խոշոր մասը «Հայաստան» զորախմբի 1 միլիարդ դրամի չափով ֆինանսավորումն է, որը բխում է և՛ սահմանային անվտանգության հետ կապված խնդրից, և՛ միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորություններից:
- Երրորդ բաղադրիչը Ջրային տնտեսության պետական կոմիտեին 1 միլիարդ 289 միլոն դրամի ֆինանսական հատկացումն է, որը հիմնված է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտի վրա. պետությունը սուբսիդավորում է ջրի սակագնի 11 դրամի բարձրացումը ազգաբնակչությանը վնաս չպատճառելու համար:
- Հաջորդ բաղադրիչը 1.7 միլիարդ դրամի չափով կառավարության աշխատակազմին տրվող ֆինանասավորումն է, որը բխում է համապատասխան ճշգրտումներից և սահմանադրական բարեփոխումներից:
- Ամենախոշոր ֆինանսական ավելացումը առողջապահության ոլորտում է՝ 4 մլրդ դրամ, որի մասով ԱԺ պատգամավորները ներկայացրել են 19 առաջարկ, ինչպես նաև ներակայացվել են մանրամասն մեկնաբանություններ առողջապահության նախարարության կողմից:
- Շուրջ 4 մլրդ դրամով ավելացվել է նաև պահուստային ֆոնդը, քանի որ 2018 թվականի ընթացքում իրականացվելիք մի շարք միջոցառումներ, կարող են հանգեցնել չկանխատեսված կամ չծրագրավորված ծախսերի: