Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անսովոր կիրակի՝ Բարսայում (տեսանյութ)

Հասարակություն
catalunia

Հոկտեմբերի մեկի այս կիրակին նման չէր մյուս կիրակիներին: Համենայն դեպս՝ աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկի՝ Բարսելոնայի համար: Այս անգամ օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհը չդիմավորեց վաղ առավոտյան հանգստությամբ: Արդեն քաղաքում տարօրինակ եռուզեռ էր. մարդիկ շտապում էին ընտրատեղամասեր: Հայաստանում բազմաթիվ ընտրություններ ու հանրաքվեներ տեսածիս համար նույնիսկ, միևնույն է, անսովոր էր մարդկանց նման վազքն ու ոգևորությունը: Կատալոնիայում հանրաքվե էր… Կատալոնիան Իսպանիայի՝ մեզ համար ամենահայտնի մարզն է՝ իր Բարսելոնա կենտրոնով: Թերևս, շատ հասկանալի պատճառներով. յուրաքանչյուր հայ ֆուտբոլասերի համար երազանք է հայտնվել այդ քաղաքում, գնալ «Նոու կամպ», ներկա գտնվել Լա-լիգայի որևէ հանդիպման, վայելել սիրելի Բարսայի կենդանի խաղը, զբոսնել մարզադաշտի տարածքում, նկարվել «Մեսսիի» հետ և բազմատեսակ կապտամանուշակագույն հուշանվերների ծանրության տակ կքած՝ բղավել«Օլե, օլե, օլե»:  Աշխարհի բոլոր անկյուններից զբոսաշրջիկներին այդքան ձգող քաղաք, երևի, հնարավոր չէ պատկերացնել: Անհնար է դիմանալ ծովեզերքին փռված շքեղ , խաղաղ, բոլոր հնարավոր լեզուներով խոսող, բայց շատ համաչափ շնչող ու ժամանակին ներդաշնակ զարգացող քաղաքի հմայքին: Շատ կուզեի բարսելոնյան նոթերս զետեղել մի ակնարկում, պատմել տեսարժան վայրերի, անկրկնելի Գաուդիի, տաքսիների դեղին-սև գույնի մասին, բայց դա կանեմ այլ առիթով: Իսկ հիմա արդեն հայտնի են Կատալոնիայի տեղական իշխանությունների կողմից անցկացվող մարզի անկախացման հանրաքվեի արդյունքները: Հիշեցնեմ, որ Իսպանիայի կենտրոնական իշխանության կողմից, միևնույն է, այն համարվում է ոչ օրինական: Անկախության օգտին քվեարկեց 2 մլն 44 հազար 38 մարդ կամ մասնակցածների 90,18 տոկոսը, դեմ 177 հազար 547 մարդ: Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր մասնակցությունը կազմեց 43,03 տոկոս: Ի դեպ, Բարսելոնայի արբանյակ քաղաքներից մեկում՝ Օսպիտալետ դե Լուբրեգատ, որտեղ այս պահին գտնվում եմ, անջատողական տրամադրությունները շատ աննկատ են: Հնարավոր է՝ դա կապված է բնակչության շատ խառն ու բազմազգ լինելու հետ, գերակշռում են չինացիներն ու արաբները: Բայց ինչպես մյուս բնակավայրերում, այստեղ ևս գրանցվեցին միջադեպեր ու բախումներ տեղի ոստիկանության և Իսպանիա ազգային ոստիկանության ուժերի միջև: Կատալոնացիների անկախացման համար տարվող պայքարը նոր չէ: 1714 թվականի սեպտեմբերի 11-ին Կատալոնիան կորցրել է անկախությունը, և այդ օրը համարվում է Կատալոնիայի ազգային օր: Մի քանի հարյուրամյակ պայքարից հետո մարզն ինքնավարություն ձեռք է բերել 1979 թվականին՝ բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո: Սակայն այստեղ չի դադարել գործել Անկախության շարժումը, որովհետև ինքնավարության մակարդակը չի գոհացնում կատալոնացիներին: Այս ինքնավար մարզը, որտեղ Իսպանիայի բնակչության 16 տոկոսն է բնակվում, ապահովում է Իսպանիայի համախառն ազգային արդյունքի 25 տոկոսը, Իսպանիայի ազգային բյուջե վճարում է 16 մլրդ եվրո՝ ավելի շատ, քան ստանում է, իսկ ազգային պարտքն արդեն անցել է 51 մլրդ եվրոյի սահմանագիծը: Վերջին հանգամանքներն են, ըստ տեղացիների, հատկապես նպաստում անջատողականության սրմանը: Տեղացիները գտնում են, որ Մադրիդն իրենց կողոպտում է:  Էհ, Հայաստանս, ականջդ կանչի. մեզ կողոպտում ու կողոպտում են, բայց ինչի՞ց կամ ումի՞ց անկախանանք:   Բարսելոնա, 02 հոկտեմբերի, Թամարա Սարգսյան