Նիկշա Բավցեւիչը ներել է կարգազանց բասկետբոլիստին
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը այսօր ժամանել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ նոյեմբերի 23-ին հանդիպելու է այդ երկրի ազգային թիմի հետ։ Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր թիմը մրցավայր է մեկնել 12 խաղացողով. 1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան 2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա 3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա 4. Ռայան Բոաթրայթ - «Բեշիքթաշ», Թուրքիա 5. Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա 6. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան 7. Արարատ Քոչինյան - «Ուրարտու» 8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան 9. Էդգար Բաբայան - «Ուրարտու» 10. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ» 11. Կոնստանտին Միրզոյանց - «Արմեցի», Ռուսաստան Արագադ Աբրամյանն նույնպես հավաքականի հետ է, սակայն փաստաթղթերի պատճառով չի կարող մասնակցել հանդիպմանը: ԵԱ-2021-ի նախընտրական փուլի մեկնարկային խաղից առաջ Նիկշա Բավցեւիչի սաները կանցկացնեն 2 մարզում՝ այսօր երեկոյան եւ վաղն առավոտյան։ Ի դեպ, հավաքականի գլխավոր մարզիչը պարզաբանել է, թե ինչպես է թիմի կազմում հայտնվել Ռայան Բոաթրայթը, որը նախօրեին հեռացվել էր հավաքականից անվայելուչ պահվածքի համար: «Նոյեմբերի 21-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում, ես եւ ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը հայտարարեցինք, որ Ռայան Բոաթրայթը հեռացված է հավաքականից ոչ մարզական պահվածքի համար: Խաղացողը, իրոք, հեռացվել էր ազգային թիմից եւ պետք է հեռանար նաեւ Հայաստանից նոյեմբերի 21-ի երեկոյան: Նա հավաքականից հեռացվել էր ինձ վիրավորելու, ինչպես նաեւ մարզական ռեժիմը խախտելու համար: Ես եւ Ֆեդերացիայի ղեկավարությունն որոշել էինք, որ նման իրավիճակում անհնար է նրա հավաքականում մնալը, այնուամենայնիվ, խաղացողը երեկ երկար զրույց ունեցավ ինձ հետ, խորապես զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց ողջ թիմից եւ խնդրեց իրեն եւս մեկ հնարավորություն տալ հանդես գալ հավաքականում: Մարզչական շտաբը եւ ֆեդերացիայի ղեկավարությունն որոշեցին ընդառաջել խաղացողին եւ նրան նորից ընդգրկել հավաքականի կազմ՝ պայմանով, որ այլեւս նման բան չի կրկնվի բասկետբոլիստի կողմից: Ես բազմիցս ասել եմ իմ թիմին, որ կարգապահությունը եւ միմյանց հանդեպ հարգանքը շատ կարևոր է մեզ համար, մենք ներկայացնում ենք ազգային հավաքական, եւ պետք է զգույշ լինենք մեր գործողություններում: Հույս ունեմ, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի հավաքականում», - ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջով հայտարարել է Նիկշա Բավցեւիչը: