Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Տարկետման սահմանափակման դեմ ակցիան՝ ԱԺ-ի մոտ. լրացվող (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tarketum

18.40 Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամներն այսօր երեկոյան ցանկացան մասնակցել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանաձնաժողովի նիստին, որի օրակարգում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր։ Նրանց չթույլատրվեց՝ պատճառաբանությամբ, թե կողմնակի անձանց ներկայությունն արգելվում է։ Նիստն այնուամենայնիվ հետաձգվեց, քվորումի բացակայության պատճառով։ 18. 10 Ուսանողներին աջակցելու է եկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նա չի ընդունում դավադրությունների տեսությունը, ըստ որի՝ այս շարժումն ուղղորդված է Բաղրամյան 26-ից. «Մեր ցավն այն է, որ մենք երբեք սեփական ուժերին չենք ապավինում։ Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ՝ արդյո՞ք ուսանողների պահանջը ճիշտ է, թե ոչ»։ Այս պահին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր, խնդրահարույց նախագիծը։ 17. 50 Ուսանողներին դեռևս չի հաջողվում կապ հաստատել ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ որևէ ՀՀԿ-ականի հետ, որպեսզի տեղ հասցվի առաջարկությունների փաթեթը։  17. 00 Արդեն 4-րդ օրն է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են։ Ուսանողները պայքարում են՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման, ինչը նախատեսված է նոր օրենքի նախագծով։ Ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի: Այս օրերի ընթացքում ուսանողները հանդիպել են ԿԳ, Պաշտպանության նախարարների, վարչապետի հետ, սակայն քննարկումներից բավարարված չեն։ Ժամը 18.00-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը։ Ուսանողներն այս պահին հավաքվել են ԱԺ շենքի դիմաց։ Հիշեցնենք, նրանք այսօր հանդես են եկել իրենց առաջարկների մասին հայտարարությամբ։ Ուսանողները փորձում են ներկայացուցիչ ապահովել հանձնաժողովի քննարկմանը։