«Ամբաստանյալը մենք չենք, մենք ազատամարտիկներ ենք». սանկցիա՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ (տեսանյութ)
Այսօրվա դատական նիստում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին դուր չեկավ նիստերի քարտուղարի խոսքը։ Նա ըստ կարգի զեկուցում էր, որ նիստին ներկայացվել են գործով ամբաստանյալները: «Ամբաստանյալը մենք չենք, մեզ մեր անուններով դիմեք, մենք ազատամարտիկներ ենք»,- ասաց Արայիկ Խանդոյանը: Երբ դատավոր Մեսրոպ Մակյանը նրան կրկին դիմեց «ամբաստանյալ Խանդոյան»-ով, վերջինս բարկացավ. «Դու ես ամբաստանյալը»: Դատարանը նրա նկատմամբ սանկցիա է կիրառեց նախազգուշացման տեսքով, Արայիկ Խանդոյանը զարմացավ. «Ո՞վ ա հայտարարել, ի՞նչ դատարան, մենք ստեղ դատարան չենք տեսնում»,- ավելացրեց Արայիկ Խանդոյանը: Այսօրվա դատական նիստը կարճ տեւեց։ Դատարանն ստացել էր փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Տիգրան Եգորյանի, Դավիթ Գյուրջյանի, ինչպես նաեւ Արա Ղարագյոզյանի կողմից ուղարկված դիմումները, ըստ որոնց՝ այսօրվա դատական նիստին չեն կարող ներկայանալ, քանի որ մասնակցում են տարբեր գործերով դատական նիստերի: Այսօրվա դատական նիստին ներկա էր Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա միջնորդություն ներկայացրեց վերացնել Սմբատ Բարսեղյանի տեսակցությունների վրա դրված արգելքը: Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց միջնորդությունը: Իսկ դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ Հայկ Ալումյանը կարծիք կհայտնի հաջորդ նիստին: Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 8-ին: Ավելին՝ տեսանյութով