Վերանորոգում՝ ուտելու և հագնելու դիմաց. կրճատվեցին նաև սոցիալական ոլորտի ծախսերը
ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր շարունակվում են 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ 362 մլն դրամով կրճատվել են սոցիալական ոլորտի ծախսերը. «Ժողովրդի սոցիալական վիճակը գնալով վատթարանում է. մարդիկ ոչ թե ապրում են, այլ գոյատեւում են։ Ինչո՞ւ են նվազում սոցիալական ծախսերը, արդյոք սա չի՞ հակասում ՀՀ սահմանադրությանը, քանի որ ՀՀ-ն սոցիալական պետություն է ու կարեւոր արժեքը մարդն է»: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ, այո, նվազել են ծախսերը, սակայն դա չի հակասում Սահմանադրությանը. «Այդ նվազումը ընդհանուր հատկացումների մեջ կազմում է 0,1 տոկոս։ Եթե մեր երկրում միայն սոցիալական ծախսերով պայմանավորվի բարեկեցությունը, ապա մենք ձախողման դատապարտված կլինենք։ Եթե վատացել է մեր սոցիալական վիճակը, ապա կխնդրեմ ասեք` ինչպե՞ս։ Նվազել է գործազրկությունը` 19 տոկոսից դառնալով 17.8 տոկոս, աճել է ակտիվ` աշխատող, քաղաքացիների թիվը։ Ձեր ասածն իր մեջ ավելի շատ էմոցիա է պարունակում, քան հիմնավորում։ Օրինակ`գյուղատնտեսության բյուջեն է ավելացել, որը բարելավելու է սոցիալական վիճակը»: Գեւորգ Պետրոսյանը շարունակեց. «Բյուջեն թվերի ամբողջություն չէ, հանրահաշվի դասագիրք չէ, այլ Սահմանադրության հոդված է։ Այս բյուջեն կապիտալ ծախսերի բյուջե է համարվել։ Դա նույնն է, որ ընտանիքի հայրը հայտարարի, որ մյուս տարվանից կապիտալ վերանորոգում ենք անելու տանը, դրա համար ոչ հաց ենք ուտելու, ոչ շոր ենք հագնելու։ Լրիվ բարձիթողի անելը սխալ է»: