Վարչապետը կրճատվողների համար անհանգիստ է, բայց նրա համար դա չէ կարեւորը
Այսօր պարոն վարչապետը ներկայացրեց իր կառավարության գործունեությունը՝ բացառապես բոլոր ցուցանիշներով աճ կա: Լրագրողները զարմացած էին՝ թանկացումների պատճառով քաղաքացու սոցիալական վիճակը վատացել է. «Համաձայն չեմ ձեր հետ, որ այս տարվա մեջ միջին սոցիալական վիճակը մեր քաղաքացու վատացել է»: Տնտեսական աճ վարչապետը կանխատեսում է նաեւ հաջորդ տարի, դարձյալ բոլոր ոլորտներում, դեսպաններն են անգամ նրան ոգեւորում, որ ամեն ինչ լավ է: Մնում է բնությունը. «Եթե բնակլիմայական եւ այլ արտառոց վիճակներ չլինի, ես համարյա վստահ եմ, որ մեր գյուղատնտեսության աճը կլինի 4 տոկոսից ավելին»: Ինչ-որ պահից վարչապետն ստիպված եղավ ազատվել իր կոստյումից: Անդրադառնալով պետական ապարատը 5500 աշխատողով կրճատելու մասին հարցին՝ վարչապետը ակնարկեց, որ առայժմ նրանց հետ կապված այլ ծրագրեր չկան. «Ճիշտ ա, մենք իրա համար անհանգիստ ենք, բայց էդ խնդիրը չէ կարեւորը»: Ըստ նրա, սոցիալական հարց լուծելու համար պետք չէ ուռճացնել պետական ապարատը: Դրանից բացի՝ իշխանությունը լավագույններին չի կրճատում. «Ասում են՝ ուսուցչին ոնց եք կրճատում: Դուք քիչ օրինակ գիտե՞ք, որ ուսուցիչը ուսուցիչ չի: Ու ավելի լավ ա ինքը ուսուցիչ չլինի: Կամ բժիշկը բժիշկ չի: Ու լավ ա բժիշկ չլինի: Հենց կրճատում ենք, դուրս ա գալի կիրթ ինտելիգենտ մարդուն կրճատում ենք»: Ի դեպ, վարչապետն անդրադարձավ նաեւ ատոմակայանի ապագային՝ ասելով, որ այն լինելու է միշտ, մենք ատոմային էներգիայի կարիքն ունենք: Իրան-Հայաստան երկաթուղու նպատակահարմարությունը դեռ պետք է պարզեն: Գուցե ճիշտը թունելային ավտոճանապարհի կառուցումն է: