Խորհուրդ՝ մարդկանց, որոնց պետությունը կրճատել կամ կրճատելու է
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի այսօրվա քննարկմանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանի զեկույցից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նրան ուղղված երեք հարց ունի. «Ո՞ւր կորան 850 մլն դոլարի ներդրումները, որ մինչեւ 2017թ. դեկտեմբերի 30-ը պետք է լինեին: Եւ խնդրում եմ վարկերը, որոնք պարտքեր են մեր եւ մեր սերնդի վրա, ներդրում չհաշվել, այլապես այդ տրամաբանությամբ վաղը դուք կարող եք ներդրում հաշվել երկիր եկած տրանսֆերները: Մյուս հարցը՝ 2017թ. համար կանխատեսել էիք 3,2 տոկոս տնտեսական աճ: Ցանկացած քաղաքագիտական տրամաբանություն հուշում է, որ ցանկացած աճ փուչիկ է, եթե այդ աճի տակ իրական, ռեալ զարգացում չկա: 3-րդ հարցս վերաբերում է այս տարի պետական ապարատում 770 աշխատակցի կրճատմանը՝ «օպտիմալացում» գեղեցիկ անվան տակ, իսկ 2018թ. նախատեսվում է 5560 աշխատակցի կրճատում, հարցս շատ կոնկրետ է՝ ի՞նչ խորհուրդ կտաք այդ մարդկանց, որոնց կրճատել եք կամ կրճատելու եք»: Ի պատասխան Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 9 ամսվա կտրվածքով ունեն 11 տոկոս արդյունաբերական արտադրանքի աճ եւ 19 տոկոսը գերազանցող ապրանքների արտահանում. «Դրանք փուչիկ չեն, դրանք ըստ ուղղությունների, ըստ ապրանքախմբերի թվեր են: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա անդրադառնամ 480 մլն դոլարին, որի մեջ ներառված չէ էներգետիկ ոլորտը... Ամուլսարի նեդրումները ներդրում չե՞ն: Թեթեւ արդյունաբերության ոլորտում 10 մլն դոլար ներդրում, գյուղատնտեսությունում՝ 55 մլն դոլար, սննդում՝ 3,5 մլն դոլար, ոսկերչություն՝ 7 մլն դոլար, դեղագործություն՝ 6 մլն դոլար, խմիչքի արտադրություն՝ 6 մլն դոլար, այլ ոլորտներում՝ 66 մլն դոլար: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա նոր աշխատատեղերը 9 ամսվա կտրվածքով գերազանցում է 3300-ը, մինչեւ տարեվերջ այդ թիվը կգերազանցի 5000-ը: Այն աշխատակիցները, որոնք պետական ապարատում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կփորձեն իրենց տեղը գտնել մասնավոր հատվածում, կունենան համարժեք ու արժանի հնարավորություն: Այսինքն, այն հազարավոր աշխատատեղերը, որոնք ստեղծվում են մասնավոր հատվածում, հնարավորություն կտան գտնել իրենց աշխատանքը բոլոր այն մասնագետներին, որոնք ունեն համապատասխան որակ ու պահանջվածություն: Շուկայական պահանջվածությունից ավելի լավ գնահատական չի կարող լինել, եւ պետական հատվածի մասնագետները անգործ չեն մնա»: Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ ասելով. «Ձեր Կառավարության ներկայացուցիչներից մեկը հարցին՝ ի՞նչ ձեռքբերումներ է արձանագրել գյուղատնտեսության ոլորտը, Քամեդի քլաբին վայել պատասխան էր տվել՝ հույս, հավատ, սեր: Ցավով, պետք է արձանագրենք, որ այդ հույսն ու հավատը որեւէ կերպ չենք արձանագրել»: