Գազի ակցիզային հարկի բարձրացումը տրանսպորտի սակագնի վրա կարող է ազդել
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի այսօրվա քննարկմանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, հարց ուղղելով Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին, նկատեց, որ բյուջեի նախագծով նախատեսված է, որ հարկերի հավաքագրումը կկազմի 10 մլրդ դրամ. «Ես կարծում եմ, որ 10 մլրդ-ից ավելի պետք է հավաքագրվի եւ ձեր նշած ցուցանիշը ես էականորեն քիչ եմ համարում, քանի որ ձեր բերած բյուջեից ենթադրվում է, որ եկող տարի մեր կյանքը բարելավվելու է, ավելի լավ ենք ապրելու»: Ատոմ Ջանջուղազյանն ի պատասխան նշեց, որ 10 մլրդ դրամի հարկահավաքությունը իրենք համարում են արժանահավատ՝ հիմք ընդունելով Հարկային նոր օրենսգիրքը: Միքայել Մելքումյանը կոչ արեց խոսել ոչ թե վերացական, այլ շատ կոնկրետ. «Օրինակ՝ սեղմված գազի ակցիզային հարկը բարձրանալու է, դա ինչպե՞ս է անդրադառնալու տրանսպորտի սակագնի վրա»: Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ սեղմված գազի մասով որեւէ կերպ չի արձագանքի: