Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2018թ. 5,5 հազար մարդ կկրճատվի պետական ապարատից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vardan-aramyan

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ 2018թ. պետական բյուջեն փորձել են նախագծել մեկ ընդհանուր կանոնով՝ հարկաբյուջետային քաղաքականությամբ կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ. «Մենք պետք է հավակնենք 5 տոկոսանոց աճին: Բազմաթիվ վերլուծություններ ցույց են տալիս, որ 3 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն չի ընձեռում, որպեսզի մեր առջեւ ծառացած խնդիրները կայուն ձեւով լուծենք: Հարկաբյուջետային քաղաքականությունը տարբեր փուլերում պետք է լինի խելամիտ: 2018թ. պարտք-ՀՆԱ ցուցանիշը 1 տոկոսային կետով հնարավոր է նվազեցնել, նկատի ունեմ Կառավարության պարտքը: Հիմնական ներդրումները գնալու են արդյունաբերության ոլորտ: Ակնկալվում է, որ գյուղատնտեսությունն ու շինարարությունը վերականգնման նշաններ ցույց կտան: Գյուղատնտեսության աճն ակնկալվում է 3-4 տոկոս, շինարարության պահանջարկը գնալով մեծանում է ու վերջին տարիներին արձանագրված անկման միտումները կշտկվեն»: Նախարարը տեղեկացրեց, որ 2017թ. հունվար-սեպտեմբերի ամիսներին եղել է հարկերի հավաքագրման 8,8 տոկոս աճ, իսկ մինչեւ տարեվերջ ակնկալում են ունենալ մինչեւ 10 տոկոսանոց աճ. «Այս տարի հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 0,6 տոկոս, 2018թ. ակնկալում ենք այս ցուցանիշը բարելավել լրացուցիչ 0,4 տոկոսային կետով: Սա բալանսավորված ցուցանիշ է»: Այս տարի պետական բյուջեից աշխատավարձ ստանում է 144 հազար մարդ եւ աշխատավարձային ֆոնդը կազմում է 246 մլրդ դրամ՝ առանց ուժային նախարարությունների. «2018թ. 5,5 հազար մարդով պակասելու է եւ, հետեւաբար, աշխատավարձային ֆոնդը կնվազի 3 մլրդ դրամով: Կառավարությունը փորձում է այսպիսով վերաիմաստավորել ծախսերը: Հիմնական նպատակը կայանում է նրանում, որ ոչ թե մարդ ենք փորձում կրճատել՝ կրճատելը շատ վատ գործիք է, վատ մոտեցում է, այլ պետք է ասել՝ դուրս գալ ֆունկցիոնալությունից: Այս տարի 770 մարդ կառավարման ապարատում կրճատվել է, սակայն ծախսերն ավելացել են, որոնց մի մասը գնում է աշխատավարձեր բնականոն աճին, մյուս մասը՝ դեսպանատների՝ փոխարժեքների տատանման արդյունքում աշխատավարձերի աճին, մյուս մասն էլ՝ ՊԵԿ-ի ռեֆորմներն են. որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնես, պետք է ադեկվատ վճարումներ անես տեսուչներին»: Պաշտպանական ծախսերը կկազմեն 174 մլրդ դրամ: Պետական բյուջեի պահուստային ֆոնդը, ըստ նախարարի, աճեցվել է շուրջ 5-6 մլրդ դրամով: Վարդան Արամյանը նշեց, որ 2018թ. եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 300 մլրդ, ծախսերը՝ 1 տրիլիոն 464 մլրդ, իսկ պակասուրդը՝ 156,9 մլրդ դրամ. «Եկամուտներն ու ծախսերը հավասար աճում են, սակայն պակասուրդը զսպված է մնում»: