Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան չի ֆինանսավորում բասկետբոլի լիգային (տեսանյութ)
«Բասկետբոլի Հայաստանի Ա լիգան մենք չենք կարող համարել ազգային առաջնություն, որովհետեւ դրանում հանդես է գալիս «Արցախ» թիմը, որն իր խաղերն անցկացնում է Ստեփանակերտում: Նման դեպքում ՖԻԲԱ-ն չի կարող այն ընդունել որպես ՀՀ առաջնություն: Սակայն Հայաստանում գտնվող այն թիմը, որը ցույց կտա ամենաբարձր արդյունքը լիգայում, կհռչակվի հանրապետության չեմպիոն: Բայց մենք որոշում կայացրինք, որ Արցախը Հայաստանի մի մասն է եւ նրա թիմը պետք է անպայման մասնակից լիգայի առաջնությանը», - «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը, որը համակարգում է հենց նորաստեղծ լիգայի աշխատանքները: Բասկետբոլի Հայաստանի Ա լիգան մեկնարկել է անցած շաբաթ-կիրակի օրերին: Դրան մասնակցում են 7 թիմեր, որոնցից 4-ը ներկայացնում են Երեւան քաղաքը, երկուսը՝ Շիրակի մարզը, իսկ մեկը՝ Արցախը: «Ուզում էինք մեծացնել լիգայի աշխարհագրությունը, մասնակիցներ ունենալ նաեւ Վանաձորից ու Դիլիջանից, սակայն ի վերջո համաձայնության եկանք 7 թիմերի հետ: Գլխավորն այն է, որ լիգան մեկնարկել է եւ արդեն կայացել են առաջին տուրի խաղերը, որոնք մեծ հույս են ներշնչում», - շարունակեց բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահը: Արա Պողոսյանը նշեց, որ լիգան չի ֆինանսավորվում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից, դեռեւս չունի պաշտոնական հովանավոր, սակայն հոգում է թիմերի որոշ ծախսերը: «Եթե թիմերն ի վիճակի չեն մարզազգեստ գնել կամ հոգալ ճանապարհածախսերը, մենք բարերարներ ենք գտնում եւ օգնում ենք թիմերին: Բացի դրանից լիգան վճարում է խաղերը սպասարկող մրցավարներին, վիճակագիրներին, խաղերի կազմակերպիչներին: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի դաշտ, որտեղ թիմերը հավասար պայմաններում կկարողանան զարգանալ, իրենց հովանավորներին գտնել եւ կայանալ որպես մարզական կառույց»: Խոսելով արտասահմանյան լիգաների փորձից, Արա Պողոսյանը նշեց, որ շատ երկրներում բասկետբոլային թիմերը կպած են ֆուտբոլային ակումբներին: Հայաստանում արդեն կա նման օրինակ: Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբն իր բասկետբոլի թիմով մասնակցում է սույն լիգային: Նշենք, որ բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնությունը կանցկացվի երեք փուլով: Կանոնավոր առաջնությունը բաղկացած է երկու շրջանից: Դրանից հետո 1-3-րդ տեղերը կանցկացնեն մինի-մրցաշար, իսկ 4-7-րդ տեղերը գրաված թիմերը կպայքարեն փլեյ-օֆֆի միակ ուղեգրի համար: Ապա կանցկացվեն կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ հանդիպումները: Մրցաշարը կտեւի մինչեւ 2018 թվականի մայիս ամիսը: Առաջնության ընթացքում երկու անգամ ընդմիջում կհայտարարվի, որի ժամանակ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կանցկացնի ընկերական խաղեր: Նման հանդիպումներ կկայանան նոյեմբերին եւ եկող տարվա փետրվարին: