Ինչո՞ւ են բուքմեյքերները ֆավորիտ համարում «Շիրակ»-ին ու «Բանանց»-ին
Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի 2018թ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան վերջին խաղերը: Կիսաեզրափակիչի ուղեգրերից մեկը կվիճարկեն հանրապետության երկու հնագույն ակումբները՝ «Արարատն» ու «Շիրակը»: Գյումրիում կայացած թիմերի առաջին մրցավեճն ավարտվել է 1:1 հաշվով: Ի դեպ, այդ խաղից հետո շիրակիցները 6 հանդիպում են անցկացրել, որոնցում տարել են ընդամենը մեկ հաղթանակ, ընդ որում Սուպերգավաթի եզրափակիչում: Վերջին երեք խաղերը նրանք ոչ-ոքի են ավարտել: «Արարատը» գավաթային հանդիպումից հետո 4 խաղ է անցկացրել, որոնցից երկուսում պարտվել է, իսկ վերջին երկուսն ավարտել ոչ-ոքի: Թիմերը վաղուց չեն ճաշակել հաղթանակի բերկրանքը, ուստի պետք է որ բավական մարտականորեն տրամադրված լինեն խաղին: Քառորդ եզրափակիչ հաջորդ զույգը կազմել են Երեւանի «Փյունիկն» ու «Բանանցը»: Թիմերի առաջին մրցավեճը, որում տանտերերը փյունիկցիներն էին, ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Կողմերը նույնպես անհաջող են հանդես գալիս վերջին ժամանակներում. «Փյունիկը» չի հաղթել 3 անընդմեջ հանդիպումներում, իսկ «Բանանցը»՝ 8 խաղում: Այն, թե որ թիմը կշարունակի անհաջող հանդիպումների շարքը, պարզ կդառնա ժամը 15:00-ին «Բանանց-1» մարզադաշտում մեկնարկելիք հանդիպումից հետո: Նշենք, որ բուքմեյքերային ընկերություններն այս խաղերում ֆավորիտներ են համարում «Շիրակին» ու «Բանանցին»: