Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանությանը հանգիստ թողեք, թող մի քիչ աշխատի». Ալիկ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
94787eea1ceb647422b7291201493694

Ոստիկանության լիազորությունները պետք է ավելացվեն,-համոզված է Հայաստանի նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը: Վերջինս զգուշացնում է՝ ուզու՞մ եք հանգիստ ապրել, ուզու՞մ եք քաղաքում օրը ցերեկով կրակոցներ չլինեն, թողեք ոստիկանությունը թող գործ անի. «Հետո էլ կրակոցները լինում են քաղաքի կենտրոնում, հետո ասում եք՝ բա մեքենայի բեռնախցիկում զենք զինամթերք է եղել»: Երեկ Սերժ Սարգսյանը դժգոհել է, որ մարդկանց ձեռքին զենք զինամթերք կա, որոնք պետք է հայտնաբերվեն: Ալիկ Սարգսյանը համաձայն է իր առաջնորդի հետ. «Կպատկերացնե՞ք էսօր մի ոստիկան, որ որեւիցե մի կասկածանքով օպերատիվ ինֆորմացիան ստուգելիս որեւէ մեկի բեռնախցիկը ստուգի»: Լիազորություններ ավելացնելով Ալիկ Սարգսյանը նկատի չունի, որ ոստիկանությունը պետք է դառնա նախարարություն. «Դե ձեզ թվում ա, որ նախարարություն դառնա, ինչ-որ բան կփոխվի՞»: Լրագրողները նկատեցին, որ այսօր փոքր լիազորություններով ոստիկանությունը առանց որեւէ խնդրի բռնություններ է գործադրում քաղաքացիների հանդեպ հանրահավաքների ժամանակ, մեծ լիազորություններով գուցե բանը հասնի արյունահեղության. «Աշխարհի իրադարձությունները նայեք, մյուս զարգացած եվրոպական երկրներում ոստիկանության գործելակերպը նայեք՝ Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը...Չեմ ասում արդարացված են, ուղղակի պահեր են լինում, որ մի քիչ, միգուցե իրավաչափության խնդիրը մի փոքր խախտվում է: Իսկ քաղաքացին ունի՞ իրավունք անպայման ընդդիմանալու ոստիկանի քիթը ջարդի»: Այսօր Հանրապետական կուսակցությանն անդամակցող նախկին ոստիկանապետը ցավում է, որ ոստիկանի գործողություններում կաշկանդվածություն կա: Ժողովուրդը չպետք է ոստիկանի ամեն գործողություն ընկալի որպես բռնություն. «Ոստիկանությանը հանգիստ թողեք, թող մի քիչ աշխատի, հանգիստ թողեք, մի դիտարկեք ոստիկանության աշխատանքը որպես բռնության ցուցադրում»: Ի դեպ, Հանրապետական պատգամավորը դժգոհ է նաեւ եվրոպական որոշ արժեքներ հայկականացնելու մտքից, մենք կովկասյան ժողովուրդ ենք, մի քիչ ասիացի ենք. «Ամեն տեսակի առաջավորը չի, որ մի ուրիշ երկրում դա կդիտարկվի որպես առաջավոր եւ առաջնահերթ»: Նախկին ոստիկանապետը հիշեցնում է՝ առաջավոր երկրների մի մասում գիշերը չես կարող փողոցում քայլել այնպես հանգիստ, ինչպես Երեւանում: