Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարի ցանկություններով՝ ճանապարհ դեպի դժոխք». ԱԺ-ում «Պաշտպանության մասին» մայր օրենքն է (տեսանյութ)

Քաղաքականություն
VIGEN

ԱԺ-ում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պաշտպանության մասին» մայր օրենքը, որով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ կնշանակվի 5 տարի ժամկետով: Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին մտահոգում էր օրենքում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը. «Սա հակասության տեղ է տալիս»։ Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքի՝ մինչեւ 2–րդ ընթերցում կքննարկեն ու կներկայացնեն առաջարկություն: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ օրենքի նախագծում չի նշվել՝ ինչ է գլխավոր շտաբը, չկա նկարագրություն. «Ստացվում է՝ միայն ունենք պետ ու նրա աշխատակազմը: Իմ պատկերացմամբ՝ ԶՈՒ ԳՇ-ն պետք է ուղեղային կենտրոնը լինի, մինչդեռ չգիտենք՝ այն տեղակալներ ունի՞, թե ոչ: Օրենքով ԶՈՒ ԳՇ-ն պետք է չեզոքություն պահպանի ու քաղաքական պրոցեսներում չներգրավվի, սակայն հակառակ պատկերն ենք ունեցել միշտ»: Վիգեն Սարգսյանը նշեց, որ ԶՈՒ ԳՇ կառուցվածքը օրենքով չի սահմանվում, այլ՝ Կառավարության որոշմամբ: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ իրենց առաջարկին՝ տեղական արտադրողներից գնումներ կատարելուն՝ օրենքով սահմանվի երկու տոկոս: Գլխադասային հանձնաժողովում Ելքի այս առաջարկը մերժվել էր: «Դա ավանդական դեպքերից է, երբ բարի ցանկություններով հարթվում է ճանապարհ դեպի դժոխք. ոչ մի ավելի վատ բան, քան պաշտպանված ներքին արտադրողը՝ առանց մրցակցության, չկա: Արդյունավետության առումով դա չի կարող լինել: Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր արտադրողը լինի մրցունակ: «Գնումների մասին» օրենքով ենք մենք առաջնորդվում՝ արտադրանքը ձեռք բերելով ամենահարմար գնով», հայտարարեց Պաշտպանության նախարարը: