«Փյունիկը» հավասար պայքարում պարտվեց «Ալաշկերտին» (տեսանյութ)
«Դժվար խաղ էր եւ մեր, եւ «Փյունիկի» համար: Ես սպասում էի, որ այդպիսի խաղ կլինի: Լավ էր, որ կարողացանք երեք միավոր վաստակենք: Գոլից հետո մենք մի քանի լավ պահեր չօգատգործեցինք եւ բարդացրինք մեր խնդիրը: «Փյունիկը» նույնպես պահեր ուներ, եւ հնարավոր է չհաղթեինք, եթե դրանք իրացներ մրցակիցը: «Փյունիկը», իմ կարծիքով, ուժեղացել է եւ բավական բարդ մրցակից է լինելու առաջնության բոլոր թիմերի համար», - Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ» - «Ալաշկերտ» խաղից հետո այսպես մեկնաբանեց հյուրերի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Սա 9-րդ տուրի շրջանակում կայացած վերջին հանդիպումն էր: «Ալաշկերտը» պայքարում է առաջին տեղի համար եւ բոլոր խաղերում էլ ձգտում է հաղթանակի: «Փյունիկն» իր հերթին բավականին ետ է մնացել առաջատարներից, ուստի այժմ կարեւոր նշանակություն ունի յուրաքանչյուր միավորը: Խաղն անցավ բավական աշխույժ եւ դիտարժան պայքարում: «Ալաշկերտը» արդեն 7-րդ րոպեին բացեց հաշիվը, երբ Արտյոմ Սիմոնյանը բավական հաշվենկատ հարվածով գրավեց տանտերերի դարպասի հեռավոր անկունը: Հետագայում կողմերը ստեղծեցին բազում գոլային պահեր, սակայն մի դեպքում վստահ խաղացին դարպասապահները, մյուս դեպքում հարձակվողները թույլ կամ շեղ հարվածեցին: Այպիսով, «Ալաշկերտը» հենց այդ գնդակի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ եւ 20 միավորով կրկին միանձնյա գլխավորեց աղյուսակը: «Փյունիկը», հակառակը, 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ 5 միավորով արդեն նահանջեց վերջին՝ 6-րդ հորիզոնական: «Դժվար է նման խաղից հետո մեկնաբանություններ տալ: Հասկանալ է պետք, որ խաղը սկսվում է մեկնարկային սուլիչից: Այդ մասին խոսել ենք, քննարկել տղաների հետ, բայց…: Հետո սկսեցինք վերահսկել խաղը, բայց հերթական անգամ չիրացրինք գոլային պահերը: Արդյունքից դժգոհ եմ, բայց խաղից՝ գոհ: Կուզեի որ թիմն ավելի ագրեսիվ լիներ եւ հարձակման, եւ պաշտպանման ժամանակ: Կային պատճառներ: Թիմի 9 ֆուտբոլիստներ հրավիրվել էին երիտասարդական հավաքական, սակայն նրանցից հինգը ոչ մի րոպե չէին խաղացել այդ երկու շաբաթ մեջ: Հաճելի է այդքան ֆուտբոլիստ ունենալ հավաքականում, բայց ինձ դա այնքան էլ ձեռք չի տալիս, քանի որ այդ օրերին կարելի էր աշխատել թիմային խաղը հղկելու վրա», - հետխաղյա մամուլի ասուլիսին ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Երյոմենկոն: