ՔԿՀ-ներում կա խնդիր, որի մասին լռում ենք. իրավապաշտպան (տեսանյութ)
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հավակնոտ է համարում քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը, քանի որ այն բավականին երկարաժամկետ է: «Ինչքանո՞վ ենք երաշխավորված, որ շարունակությունը կլինի ռազմավարության ծրագրի, որովհետեւ վերջիվերջո կարող է կառավարության կազմ փոխվել: Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ որ նախարարները փոխվում են, որոշակի ուղղությունները փոխվում են»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ նման հարց բարձրացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ խնդիրների շարքը ներկայացված է, սակայն վերլուծություն տրված չէ կոռուպցիոն դրսեւորումներին: https://youtu.be/YbwuRFXtKb0 ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալի խոսքերով՝ նոր ռազմավարությունը գլոբալ ռազմավարություն է որդեգրել. «Քրեակատարողական հիմնարկը քրեակատարողական պատիժների իրականացման համակարգն է, եւ համակարգը բարեփոխելիս որպես հիմք պետք է ընդունենք պատժի նպատակները: Հանցագործություն կատարած անձանց համար սահմանվում են պատիժներ, եւ պատիժներն ինքնանպատակ չեն՝ դա սոցիալական արդարության վերականգնումն է, դա դատապարտյալների ուղղումն է եւ կրկնահանցագործության կանխարգելումն է»,- ասաց Սուրեն Քրմոյանը Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի նախագահը ռազմավարության մեջ ողջունում է առաջնային բժշկական ծառայության քայլերը, ինչպես նաեւ սոցիալական ինտեգրման ինստիտուտը՝ պրոբացիան, բայց միաժամանակ հավելում է՝ կա խնդիր, որի մասին լռում ենք. «Դա ՔԿՀ-ում չգրված կանոնների, հիերարխիկ կանոնների հետ կապված հարցերն են: Սա կարծում եմ, որ հիմնական ինստիտուտներից մեկն է, որը որոշիչ դեր է խաղում»: ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռեւազյանն էլ առաջարկում է օրինականացնել ՔԿՀ-ներում բջջային հեռախոս ունենալը. «Անձը չի կտրվում հասարակությունից, ինքը ինչքան ներգրավված է, թեկուզ հեռակա կարգով, դա անձի հոգեբանության վրա դրական է ազդում: Մենք չպետք է պետությունը դիտենք այն մահակը, որը միայն պետք է խփի: Առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք ունենանք հասարակություն, որտեղ չեն լինի հանցագործություններ»: