Կատալոնիան հետաձգում է անկախության հռչակումը
«Սա պատմական պահ է։ Հարգելի պատգամավորներ, այն,ինչ կասեմ այս ամբիոնից, դա անձնական որոշում չէ, դա Կատալոնիայի կառավարության և քաղաքացիների կամարտահայտության արդյունքն է։ Միլիոնավոր կատալոնացիներ եկել են այն եզրահանգման, որ միակ հնարավորությունը երաշխավորել սուվերենությունը և ապրել ինչպես հանրություն, դա պետություն դառնալն է»,- Կատալոնիայի ինքնավարության առաջնորդ Կառլես Պուչդեմոնն այսպես սկսեց իր խոսքը խորհրդարանում: Չնայած այսպիսի նախաբանին՝ նա Կատալոնիան չհայտարարեց Իսպանիայից անկախ միավոր, ավելի շուտ հետաձգեց անկախության հռչակումը։ Պուչդեմոնը նշեց, որ իսպանական իշխանության հետ կշարունակվեն բանակցությունները՝ ճգնաժամից դուրս գալու շուրջ․ «Մենք մշտապես փնտրել ենք կոմպրոմիսներ և հանրաքվեն այդպիսի կոմպրոմիս էր։ Այսօր եկել է պահը հայտարարել այդ հանրաքվեի արդյունքների մասին։ Ամվողջ աշխարհը տեսավ, թե հոկտեմբեի 1-ին հանրաքվեի օրը, ինչպիսի ուժ գործադրվեց կատալոնացիների նկատմամբ։ Դա հանցագործություն էր և ունեցավ հակառակ էֆեկտը։ 2 միլիոն 280 000 մարդ այցելեց տեղամասեր քվեարկության, շատերը չկարողացան դա անել՝ իսպանական իշխանության գործողությունների արդյունքում։ Անկախ նրանից՝ այո թե ոչ են քվեարկել, դա ժողովրդավարության դրսևորում էր։ Կատալոնիայի ղեկավարությունը չի պատրաստվում հետ կանգնել երկխոսությունից և բանակցությունները մենք տանելու ենք»։ Այնուհետ Պուչդեմոնը հիշում է պատմական անցքերը, երբ գեներալ Ֆրանկոյի մահից հետո Կատալոնիայի լայն ինքնավարություն ստացավ, դարձավ Իսպանիայի զարգացման շարժիչ ուժը, իսկ վերջին շրջանում Կատալոնիայի նկատմամբ ճնշումները մեծացան կենտրոնական իշխանության կողմից՝ իրավունքները սահմանափակվեցին։ Պուչդեմոնի խոսքով՝ վերջին տարիները Կատալոնիայի նկատմամբ ճնշումները մեծացել են, իսպանական իշխանությւոնը խառնվում է ինքնավարության ներքին գործերին գրեթե բոլոր ոլորտներում, բայց իրավիճակն այսպես շարունակվել չի կարող։ Այսպիսով, Կատալոնիայի անկախության հարցը մնում է բացառապես ինքնավարության պառլամենտի տիրույթում։ Եթե Մադրիդի հետ բանակցությունները Պուչդեմոնի կառավարության պատկերացրած ուղիով չընթանան, անկախություն հռչակելու հարցը կարող է բերվել խորհրդարան։ Իսկ այդ դեպքում այն կստանա պատգամավորների հավանությունը, քանի որ Կառլես Պուչդեմոնի գլխավորած ազգայնական ուժը մեծամասնություն է։ Փորձագետներից որոշներն էլ պնդում են, որ կատալոնացիներն իրականում այսպիսի քայլերով փորձում են մեծ արտոնություններ ստանալու Մադրիդի կողմից։