Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2018-ից համայնքները կենթարկվեն դոնոր կազմակերպությունների պահանջներին (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-lokyan

2018- ից Հայաստանի բոլոր համայնքների բյուջեները կլինեն տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության խոշորացույցի տակ:  Այլեւս ոչ մի կոպեկ անհիմն ծախս՝ բյուջեից: Սա պարտադիր է Եվրոպական կառույցներից դրամաշնորհներ ստանալու համար:  Դոնոր կազմակերպություններն ուզում են տեսնել բոլոր մուտքերն ու ելքերը: «Մենք ունենք շատ աննորմալ երեւույթ, պետությունը հարկատուներից հավաքում է 50 մլդ դրամ,  եւ այն ուղղում է համայնքներին՝ որպես դոտացիա, համայնքներ ունենք, որ այդ պետական տրված միջոցը հանգիստ ծախսում են այն ծառայությունների վրա, որոնց համար պետք է գումար գանձեն, բյուջետային մուտքեր ունենան: Սա անթույլատրելի է: Քաղաք ունենք, որ աղբահանության համար գումար չի գանձում, բայց ծախսում է պետական բյուջեի տրված միջոցները: Եթե այսպես շարունակեն, այդ համայնքները այլեւս գումար չեն ստանա»: Ըստ նախարարի, սա հավելյալ բեռ չի դառնա մարզի բնակչի համար; Եթե օրինակ աղբահանության համար որեւէ համայնքում վարձավճար է գանձվում բնակչից, ապա պետք է վճարեն նաեւ մյուս համայնքներում. «Երկու իրար կողքի բնակավայր՝ Մարտունի ու Վարդենիսը, մեկը կարողանում է  հավաքել, մյուսը՝  ո՞չ, չի լինում այդպես»: Ավելին՝  այն համայնքները, որոնք բյուջեից գումար կտնտեսեն, կուղղեն այն համայնքի բյուջետային ֆոնդ եւ կներկայացնեն համայնքը զարգացնելու որեւէ ծրագիր, կխրախուսվեն. «Մենք առաջարկում ենք, որ եթե համայնքը իր ֆոնդային բյուջեում դնում է որոշակի գումար, պետությունը պատրաստ է այն կրկնապատկել: Համայնքը պետք է նաև ծրագիր ներկայացնի: Մենք պատրաստ ենք  5-7 միլիարդ  դրամ սուբվենցիա ուղղել, եթե համայնքը նույն չափով մասնակցի զարգացման ծրագրին»: Տարածքային կառավարման նախարարությունը եկող տարի ամեն ինչ անելու է, որ երկրի կառավարման համակարգը նաեւ մարզերում ակտիվանա. «Ամեն ինչ Երեւանում է կենտրոնացած՝ քաղաքականություն, տնտեսություն, գիտություն, ամբողջը Երեւանում է, եւ մենք լոկալիզացված ենք այստեղ, մենք ուզում ենք համաչափ գնանք, զարգացնենք ամեն տեղ հավասար»: Դավիթ Լոքյանը վստահեցնում է, որ իր գործունեության մեկ տարում եղել է ուշադիր ու հոգատար նախարար: Այցելել է գրեթե բոլոր համայնքներն ու անձամբ ծանոթացել նրանց խնդիրներին: