Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեսին մնացել է իր նախկին թիմակից Նեյմարի հույսին

Սպորտ
sport-argentina

«Բրազիլիայի եւ Չիլիի ժողովուրդները միշտ բարեկամներ են եղել: Եվ մենք միշտ ատել ենք արգենտինացիներին: Մի՞թե դա քիչ է՝ տոն կազմակերպելու համար», «Աշխարհի առաջնությունն առանց Արգենտինայի», «Մտածեք այն մասին, որ Մեսին երբեք չի թողել Նեյմարին փայլել թիմում, եւ նա ստիպված հեռացել է: Մեր վրեժը կլինի Մեսիին աշխարհի առաջնությունից զրկելը»: Այսպիսի կամ նման բովանդակության կոչերով են ողողել սոցցանցերը բրազիլացի ֆուտբոլասերները: Բանն այն է, որ նրանք ցանկանում են, որ ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում իրենց հավաքականը պարտվի Չիլիի ընտրանուն, որպեսզի Արգենտինայի հավաքականը չկարողանա միանգամից մտնել եզրափակիչ փուլ: Հետաքրքիրն այն է, որ հարավամերիկյան գոտում վերջին տուրից առաջ ստեղծվել է այնպիսի խառն իրավիճակ, որ Լիոնել Մեսին ու նրա խաղընկերները կարող են զբաղեցնել 5-րդ անցումային տեղը, եթե անգամ պարտվեն Էկվադորին: Սակայն դրա համար հարկավոր է, որ Պերուի եւ Պարագվայի հավաքականները նույնպես պարտվեն, ընդ որում առաջինը՝ խոշոր հաշվով: Սակայն այս ամենը տեսական բնույթ է կրում: Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Տոստաոն կարծում է, որ իր երկրի հավաքականը երբեք չի դիմի նման քայլի եւ չի «հանձնի» խաղը: «Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականների մրցակցությունը շատ մեծ է, դրա մասին բոլորը գիտեն, սակայն չեմ կարծում, որ մեր թիմը պատրաստվում է օգնության ձեռք մեկնել չիլիացիներին: Բրազիլիան միշտ խաղացել է Բրազիլիայի համար», - ասել է 1970 թվականի աշխարհի չեմպիոնը: Հավելենք, որ Հարավային Ամերիկայում աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 10-ին: