«Մենք իրերը ոչ միայն իրենց անուններով ենք կոչելու, այլեւ՝ ազգանուններով» (տեսանյութ)
ԱԺ ճեպազրույցներին այսօր Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ ԱԺ-ն բացահայտում են նորովի. «Մեր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որը վերաբերելու է Արտաշես Գեղամյանին, որպեսզի հանձնաժողովը քննի պատգամավորի էթիկական վարքագիծը եւ եզրակացություն կայացնի: ՀՀԿ-ն փորձում է հանդուրժողական վերաբերմունք ցույց տալ եւ հստակ գնահատականներ չտալ տեղի ունեցածին, մեզ ստիպում է արձագանքել, որ տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն կա՝ դա բանավեճի մեջ սիստեմատիկ պարտվողի վարքագծի արտահայտումն է: ՀՀԿ-ն ինքը եւս արձանագրում է, որ հետագա բանավեճերը նույն ճակատագիրն են ունենալու, այնպես որ նրանք այս թնջուկը լուծելու փնտրտուքի մեջ են: Ուզում ենք ասել, որ նրանք սխալ ճանապարհի վրա են, դա կունենա որոշակի հետեւանքներ, ու եթե այս իրողությանը գնահատականներ չտրվեն, ապա մենք բոլորս պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք, որ ներքաղաքական կյանքում այսպիսի նորանոր դրսեւորումներ լինեն՝ մեծ ու փոքր մասշտաբով: Ելք դաշինքը ընդունում է այս մարտահրավերը»: Այս միջադեպում Նիկոլ Փաշինյանն իրեն տուժող չի համարում եւ չի դիմի իրավապահ մարմիններին. «Սա հարձակվողի ու կարգի հրավիրողի հարաբերություններ են, ու այս հարաբերությունները կապված չեն քրեաիրավական հարաբերությունների հետ, այլ սրանք քաղաքական հարաբերություններ են: Գեղամյանին՝ անհեռանկար գործչի, ՀՀԿ-ն կաթիլ-կաթիլ կաթացրել ու բրթել է առաջին գիծ, իսկ նա, ներքին պրովոկցիայի արդյունքում, հայտնվել է այդ միաջդեպի մեջ: Մենք իրերը ոչ միայն իրենց անուններով ենք կոչելու, այլեւ՝ ազգանուններով»: Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ այս ԱԺ-ն չպետք է շարունակի նախկին գումարման ԱԺ-ի հին ավանդույթները. «Եւ այս հարցը պետք է քննել՝ ընդհուպ մինչեւ մանդատի վայր դրման հարցը»: