Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Պետրոսյան. «Վաղվա խաղում հաստատ փոփոխություններ կլինեն»

Սպորտ
artur-petrosyan

FFA.AM Հոկտեմբերի 7-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:   - Ի՞նչ վնասվածք է ստացել Դավիթ Մանոյանը և ինչպիսի՞ վիճակում են հավաքականի հետ Ղազախստան ժամանած Մարկոս Պիզելլին և Գագիկ Դաղբաշյանը: - Մանոյանը, իրոք, վնասվածք է ստացել, վաղը կմեկնի Կիպրոս, և պարզ կդառնա վնասվածքի լրջությունը,  իսկ ինչ վերաբերում է Մարկոսին և Դաղբաշյանին, նրանք երկուսն էլ առողջ են, և եթե ամեն ինչ նորմալ լինի, վաղը կկարողանան դուրս գալ խաղադաշտ: - Երևի թե գիտեք, որ Ղազախստանի ընտրանին առաջիկա հանդիպմանը մոտենում է կորուստներով: Դա ինչ-որ առավելություն տալի՞ս է Հայաստանի հավաքականին: - Գիտեմ, որ Ղազախստանի ընտրանու 3 ֆուտբոլիստներ բաց են թողնելու առաջիկա հանդիպումը և գիտեմ, որ Իսլամխանն ու Լոգվինենկոն մասնակցելու են խաղին: Չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կազդի խաղի վրա: Ղազախստանի համար սա վերջին տնային հանդիպումն է, և նրանք պետք է տրամադրված լինեն հաղթանակի: Կարծում եմ, որ սա կողմերի համար հեղինակության խաղ է: Սպասում եմ, որ հանդիպումը լարված է լինելու: -Երևանում կայացած Հայաստան-Ղազախստան հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները որոշիչ եղան: Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականին ֆավորի՞տ է դարձնում առաջիկա խաղում: - Չեմ կարծում, թե Երևանում կայացած խաղի արդյունքը կախված էր միայն Մխիթարյանի գործողություններից: Ֆուտբոլը թիմային խաղ է և եթե թիմակիցները նրան չօգնեին, ապա այդ հաղթանակը չէր լինի: Ամեն դեպքում, Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է և իսկական ավագ: Նա միշտ ցանկանում է օգնել թիմին: Դա հարյուր տոկոսով այդպես է: -Երևանյան խաղում Ղազախստանի հավաքականի ստացած կարմր քարտը որքանո՞վ էր որոշիչ վերջնական հաշվի ձևավորման հարցում: Մենք առաջին խաղակեսում առավելություն ունեինք, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում մի փոքր առավելություն ունեին ղազախները: Ինձ թվում է, որ իրենց մոտ կարմիր քարտից հետո ինչ-որ մի բան կոտրվեց, իսկ մեր վստահությունն ավելացավ: - Ինչպիսի՞ հոգեբանական աշխատանք է տարվել լեհերից 6 գնդակ բաց թողած Գրիգոր Մելիքսեթյանի և պաշտպան Տարոն Ոսկանյանի հետ: Փորձարկումներ կլինե՞ն: - Փորձարկումներ չեն լինի: Որոշ ֆուտբոլիստներ, որոնք մեզ հետ ժամանել են Ղազախստան, խաղալու հնարավորություն կստանան: Ինչ վերաբերում է Ձեր նշած ֆուտբոլիստներին, ապա միայն նրանք չեն, որ սխալվել են: Մենք խոսակցություն ենք ունեցել այդ թեմայով: Բոլորն էլ հասկանում են, որ այսպիսի ցավալի պարտությունը հեշտ չէ մոռանալ, բայց վստահ եմ, որ տղաները կփորձեն: - Կարելի՞ է ասել, որ դարպասապահի հարցն ամենացավալի խնդիրն է Հայաստանի ընտրանու համար՝ հաշվի առնելով, որ Ռոման Բերեզովսկուց հետո ընտրանին դեռ չի գտել նրա արժանի փոխարինողին: - Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին: Բոլորն էլ գիտեն, որ այդ գծում մենք խնդիր ունենք: Հուսով եմ, որ այն դարպասապահները, որոնք հանդես են գալիս հավաքականի կազմում, պարզապես փորձի պակաս ունեն: Նրանք կառաջադիմեն քայլ առ քայլ: Այլ տարբերակներ չունենք: - Գրիգոր Մելիքսեթյանը կմասնակցի՞ վաղվա խաղին:  - Այսպիսի ծանր խաղից հետո չեմ կարծում, որ ճիշտ կլինի նրան խաղադաշտ դուրս բերել: - Ժոզե Մոուրինյուն խնդրե՞լ է Ձեզ խնայել Հենրիխ Մխիթարյանին՝ հաշվի առնելով այն փաստը, որ արհեստական խաղադաշտի վրա խաղալը բավականին մեծ ռիսկ է ֆուտբոլիստի համար: - Անկեղծ ասած` ոչ: Հենրիխը նույնպես չի խնդրել: Նա պատրաստ է խաղին:  - Վերջին տարիներին Հայաստանի և Ղազախստանի ընտրանիները այդքան էլ լավ ելույթներ չեն ունենում ընտրական փուլերում: Այդպիսի խնդիր նկատվում է նաև ԱՊՀ այլ երկրներում: Դա մեր ընդհանո՞ւր խնդիրն է: - Հնարավոր է` խնդիր կա մտածելակերպի մեջ: Մենք անհամբեր ենք: Կարծում ենք, որ հաջողությունը կլինի այսօր կամ վաղը: Մենք չենք կարողանում երկարատև ծրագիր ստեղծել և տարիների ընթացքում հետևել այդ ծրագրին: Կա այսպիսի հոգեբանություն. 1000 դոլարի ներդրում ես անում և սպասում ես, որ վաղը կստանաս 3 հազարը: Ինձ թվում է` բոլորս էլ ունենք այդ խնդիրը: Ես աշխատել եմ արտասահմանում, այնտեղ աճել եմ որպես մարզիչ: Նրանք ծրագիր ունեին և հետևում էին դրան շուրջ 10 տարի: Մեր երկրներում երիտասարդական ֆուտբոլում մարզիչն արդյունք չի տալիս և նրան 3 խաղ հետո հեռացնում են: Անհաջողություններից հետո փոխում են բոլորին, և ինձ թվում է, որ մեր երկրներում կա ընդհանուր խնդիր: - Պարոն Պետրոսյան, Լեհաստանի հավաքականի հետ խաղում Դուք բավականին հարձակողական կազմ էիք ընտրել, հնարավո՞ր է, որ վաղվա խաղում ևս այդպիսի կազմ ընտրեք: Ճիշտն ասած՝ լավ կյանքից չէր, որ այդպիսի կազմ էինք ընտրել, մենք խնդիրներ ունեինք պաշտպանությունում: Հաստատ կարող եմ ասել որ վաղը փոփոխություններ կլինեն և կփորձենք վաղը բալանս գտնել հարձակման և պաշտպանության միջև: ------------

Ռուսլան Կորյան. «Թիմը մարտական է տրամադրված»

By15E8MIA2qN3w1XCr7Vwp6EjjՀոկտեմբերի 7-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և հարձակվող Ռուսլան Կորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Սկզբից լրագրողների հարցերին պատասխանեց Ռուսլան Կորյանը.

  - Ռուսլան, ինչպե՞ս անցավ թռիչքը և ինչպե՞ս է թիմը վերականգնվել նախորդ խաղի պարտությունից հետո: - Շատ լավ: Անձամբ ես ամբողջ ընթացքում քնած էի: Ինչ վերաբերում է վերականգնմանը, ապա կարող եմ ասել, որ ամեն ինչ կերևա վաղը, բայց թիմը մարտական է տրամադրված: - Ի՞նչ տրամադրություն ունի թիմը Լեհաստանից կրած ջախջախիչ պարտությունից հետո: Հասցրե՞լ եք մոռանալ անհաջողությունը: - Չեմ կարծում, որ հոգեբանորեն կարելի է այսքան շուտ մոռանալ այդ պարտությունը: Մեզ համար առաջիկա խաղը մեղքերը քավելու հրաշալի հնարավորություն է: - Հայաստանը ինչ-որ բանով գերազանցո՞ւմ  է Ղազախստանին, թե՞ երկու թիմերը հավասար են: - Ըստ իս` հավասար թիմերի հակամարտություն է, որտեղ վճռական կլինի նվիրումը և հաղթելու ցանկությունը: Խաղերից ելնելով` հնարավոր է, որ Ղազախստանի որոշ ֆուտբոլիստների ինչ-որ տեղ պակասում է վարպետությունը, բայց ցանկության առումով նրանք խնդիրներ չունեն: - Մխիթարյանի ներկայությունը խաղադաշտում մե՞ծ առավելություն է Հայաստանի ընտրանու համար: - Միանշանակ, նա մեր առաջատարն է: Միաժամանակ չի կարելի հույսը դնել միայն նրա վրա: Ֆուտբոլը թիմային խաղ է: - Խաղը կկայանա արհեստական խաղադաշտում: Ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ընտրանու խաղի վրա:  - Անձամբ ինձ համար դա նորություն չէ, քանի որ այն առաջնությունում, որտեղ ես եմ խաղում, մարզադաշտերի կեսն արհեստական խոտածածկով է:  - Ոչ-ոքին ձեռնտո՞ւ հաշիվ է ձեզ համար: - Ոչ: - Ի՞նչ կասեք հայ երկրպագուներին, որոնք հիասթափված են Լեհաստանից կրած պարտությունից: - Լեհերի հետ խաղից հետո ես արդեն ներողություն եմ խնդրել երկրպագուներից: Հիմա ցանկանում եմ, որ նրանք մեզ շարունակեն աջակցել: Դա շատ կարևոր է մեզ համար: _______________

Հայաստանի ազգային հավաքականը մարզվեց Աստանայում

Հոկտեմբերի 7-ին Հայաստան ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզում «Աստանա Արենա» մարզադաշտում: Հավաքականի հետ Ղազախստան ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Կարճատև նախավարժանքից հետո թիմը կատարեց խաղային տարբեր վարժություններ, այնուհետև, բաժանվելով 2 մասի, անցկացրեց ձեռքով գնդակը միմյանց փոխանցելու յուրահատուկ խաղ: Մարզումն ավարտվեց երկկողմանի խաղով:   Ղազախստան-Հայաստան հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 8-ին՝ «Աստանա Արենա» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:00-ին: mkTMrGnNBHwHL480v0Gc1at5vp