Հայաստանի կարատեիստները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հայաստանի պատանի, երիտասարդ եւ մինչեւ 21 տարեկան կարատեիստները պատրաստվում են հոկտեմբերի 26-29-ն Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Առաջին անգամ կարատեիստերը պայքարելու են օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար: Աշխարհի առաջնությանը խաղարկվելու են 2018թ Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր. «Իսպանիա մեկնելու են մեր այն մարզիկները, որոնք տարբեր միջազգային մրցաշարերի մեդալակիրներ են: Հույս ունենք, որ մեր պատանիներին կհաջողվի օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Մինչեւ աշխարհի առաջնությունը կարատեիստները կհասցնեն լավ մարզավիճակում լինել: Մրցանակային տեղերի ակնկալիք ունենք», - ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի հետ զրույցում ասել է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը: Գլխավոր մարզիչ Վահան Միքայելյանի ղեկավարությամբ աշխարհի առաջնությանը պատրաստվում են հետեւյալ կարատեիստները. Էրիկ Խաչատրյան, Հովհաննես Հակոբյան, Սիմոն Մովսիսյան, Դավիթ Մուրադյան, Վարդան Ղալայան, Սամվել Այդինյան, Գեւորգ Համբարձումյան, Ալբերտ Ավետիսյան, Դավիթ Մակյան,Ահարոն Սարգսյան, Կարեն Բաղդասարյան, Սերյոժա Սարգսյան, Աշոտ Մխիթարյան, Միքայել Մխիթարյան, Լենա Գյուլումյան, Եվա Մուրադյան, Անիտա Մակյան: Հաջորդ շաբաթ հավաքականներն ուսումնամարզական հավաք կսկսեն Օլիմպավանում: Մեր թիմերը մրցավայր կմեկնեն հոկտեմբերի 22-ին: