Հայ-ռուսական փոխօգնության համաձայնագիրն Արցախին չի առնչվում (տեսանյութ)
ԱԺ-ում Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը ներկայացրեց հայկական եւ ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը, ըստ որի` ՀՀ եւ ՌԴ տարածաշրջանային ագրեսիայի, սպառնալիքի անմիջական վտանգի ժամանակ կլինի փոխօգնություն։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց փոխնախարարից` այս սահմանումները որքանո՞վ են առնչվում Արցախի սահմաններին։ Ի պատասխան Արտակ Զաքարյանը նշեց, որ սրանք միացյալ գործողություններ են ՀՀ եւ ՌԴ նկատմամբ անմիջական սպառնալիքի ու ագրեսիայի ժամանակ, որոնք չեն առնչվում Արցախին։ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց. «Մեզ բոլորիս մի հարց է տանջում, երբ Տավուշի մարզի գյուղերը գնդակոծվում էին հակառակորդի կողմից, ՀԱՊԿ կողմից ոչ մի ռեակցիա չեղավ։ Եթե այս նոր միացյալ ուժերը լինեին 2015- 2016թթ. լինեին, ի՞նչ ռեակցիա էին տալու։ Կամ Թուրքիայի կողմից, եթե ինչ-որ բան լինի, կլինի՞ միջամտություն»: https://youtu.be/me2N8q3EmDg Արտակ Զաքարյանը նշեց, որ Տավուշի դեպքում այլ համակարգեր են գործում. «Մեր զինված ուժերը կարողացել են այնտեղ ինքնուրույն լուծել խնդիրը։ Նաեւ` պարբերաբար անկանոն կրակահերթերը մեր կյանքի մի մասն են արդեն դարձել։ Կոնկրետ իրավիճակում ելնում ենք տվյալ պահի հանգամանքներից»։ Արձագանքելով` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ-ն դիտորդի դերում է հանդես գալիս, այլ ոչ դաշնակցային դիրքերից. «Միայն թուրքական սահմանի՞ն են լինելու ռուսական զորքերը, ադրբեջանականի հետ գործ չունե՞ն։ Կա՞ երաշխիք, որ սպառնալիքի դեպքում կրկին նույն կրավորական պահվածքը չեն դրսեւորի»: Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ բոլոր գործողությունները ՌԴ եւ ՀՀ համատեղ որոշման արդյունքում են լինելու։ Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին հետաքրքրում էր` ինչ ճանապարհով են գալու ՌԴ զորքերը ՀՀ, կամ, ասենք, Չեչնիայի պատերազմի դեպքում մենք մասնակցելո՞ւ ենք։ https://youtu.be/2Td_NgpHbl8 «Մեր կողմից կկայացվի համապատասխան որոշում ու կտրվի համատեղ գնահատական, կմշակվի գործողությունների պլան»,- ասաց Արտակ Զաքարյանը։