Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը կպայքարի տասնյակ մտնելու համար

Սպորտ
a1chess-men-110

Մեն կղզում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարն այսօր կհատի եզրագիծը: Կայացած 8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը ընթացիկ խաղում սեւերով հաղթեց իր գլխավոր մրցակցին՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Նորվեգացի գրոսմայստերն այժմ ունի 7 միավոր եւ դեռեւս կեսով առաջ է ԱՄՆ-ի մյուս առաջատար շախմատիստ Հիկարու Նակամուրայից: Այսօր նրանց միչեւ կայանալիք պարտիայում էլ կորոշվի մրցաշարի հաղթողը: Իսկ մնացած մասնակիցները ձգտելու են տեղ զբաղեցնել առաջին տասնյակում, քանի որ այդ տեղերը պարգեւատրվում են (50.000-1.500 ֆունտ սթեռլինգ): Թեկնածուների թվում է նաեւ մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը, որը 5,5 միավորով առայժմ զբաղեցնում է 16-րդ տեղը: Վերջին տուրում նա սպիտակներով հանդիպելու է Հոլանդիան ներկայացնող Էրվին Լ'ամինի հետ: Հաղթանակի դեպքում Սերգեյ Մովսեսյանը լավ հնարավորություն ունի տասնյակ մտնելու համար: ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը նույնպես 5,5 միավոր ունի: Եզրափակիչ պարտիայում նա մրցելու է Ֆաբիանո Կարուանայի հետ: Մեր մյուս շախմատիստը՝ Գաբրիել Սարգսյանը, 8 հնարավորից վաստակել է 5 միավոր եւ այժմ զբաղեցնում է 31-րդ տեղը: Նրա վերջին մրցակիցը հնդիկ միջազգային վարպետ Սարին Նիհալն է: Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը վերջին չորս տուրերում 3 միավոր կորցրեց եւ այժմ 3,5-ով գտնվում է 101-րդ հորիզոնականում: