Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները հետապնդում են Մագնուս Կառլսենին

Սպորտ
a1-chess-men-29.09.

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը շարունակում է վստահ հանդես գալ Մեն կղզում ընթացող խոշոր մրցաշարում: Կայացած 6-դ տուրում նորվեգացի գրոսմայստերը սեւերով հաղթեց ուկրաինացի Պավել Էլյանովին, որի հետ մինչ այդ բաժանում էր 1-2-րդ տեղերը: Մագնուս Կառլսենը վաստակեց 5,5 միավոր եւ դարձավ մրցաշարի միանձնյա առաջատարը: Նրանից կես միավորով հետ է մնում հնդիկ գրոսմայստեր Սանտոշ Վիդիտը: Այսօր նա սեւերով կմրցի հենց Մագնուս Կառլսենի հետ: Երկու առաջատարներին հետապնդողների խմբում այժմ գտնվում են 18 շախմատիստ: Դրանց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը, որն այս տուրում վստահ հաղթեց հնդիկ միջազգային վարպետ Ռաթնակարանին եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 4,5-ի: Այսօր նա սպիտակներով կհանդիպի Հոլանդիան ներկայացնող գրոսմայստեր Իվան Սոկոլովի հետ: Ընթացիկ տուրում հաղթանակ տարավ նաեւ մեր մյուս շախմատիստը՝ Գաբրիել Սարգսյանը, որը սեւերով առավելության հասավ կանադացի միջազգային վարպետ Աման Հեմբլտոնի նկատմամբ: Նա այժմ 4 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը: Յոթերորդ տուրում Գաբրիել Սարգսյանը կհանդիպի հնդիկ միջազգային վարպետ Հարշա Բհարաթակոտիին, որի հետ Սերգեյ Մովսեսյանն ոչ-ոքի է խաղացել առաջին տուրում: