Նախարարը տեղյակ չի եղել, որ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվելու
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղյակ չէր, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին ազատ են արձակելու: Նա այդ մասին այսօր իմացավ կառավարության նիստից հետո՝ լրագրողներից. «Ներում շնորհելու հարցից տեղյակ չեմ, բայց համոզված եմ, որ բոլոր գործոնները հաշվի են առնված: Քանի որ փաստեր չունեմ, ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց»: «Ա1+»-ի հարցին, թե Դավիթ Հարությունյանն անձամբ համամի՞տ է այդ որոշման հետ, նախարարը պատասխանեց. «Դուք հարց եք տալիս արդարադատության նախարարին, որը չեմ կարծում այնչափ անլուրջ մարդ կարող է գտնվել, որ ծանոթ չլինելով գործի որեւէ հանգամանքի, պատճառների, դիրքորոշումների, կարողանա ձեզ գնահատական տալ»: Նախարարը բացատրեց միայն, որ այժմ դատապարտյալներին կարող է ներում շնորհել միայն հանրապետության նախագահը, իսկ նոր սահմանադրությամբ ներում շնորհելու գործառույթներն իրականացվելու են հանձնաժողովի կողմից. «Նոր սահմանադրությամբ ներում շնորհելու ինստիտուտը փոխվելու է: Հանձնաժողովը քննարկելու է և նախագահին է ներկայացնելու ներում ստացող անձանց տվյալները, իսկ նախագահը կա՛մ հավանություն է տալու դրան, կա՛մ հետ է ուղարկելու հանձնաժողով: Իսկ եթե հանձնաժողովը պնդի, որ պետք է անձին ներում շնորհել, նախագահը կարող է դիմել սահմանադրական դատարան»: