Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենը պահպանում է առաջին տեղը Մեն կղզու մրցաշարում

Սպորտ
a1chess-men-28.09.

Մեն կղզում շարունակվող շախմատի խոշոր մրցաշարում արդեն կայացել է 5-րդ տուր: Մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով շարունակում են գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ ուկրաինացի Պավել Էլյանովը: Նրանց հաջորդում են 11 շախմատիստներ, որոնք ընդամենը կես միավորով են զիջում առաջատարներին: Ավաղ, նրանց թվում չկան Հայաստանի ներկայացուցիչներ: Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը չնայած դեռ պարտություն չունի իր անվան դիմաց, սակայն վերջին երկու տուրերում ոչ-ոքի է խաղացել եւ ութ տեղով նահանջել է աղյուսակում: Այժմ նա 3,5 միավորով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը: Մեր մյուս շախմատիստը՝ Գաբրիել Սարգսյանը, այս տուրում պարտվեց ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրային եւ իր վաստակած 3 միավորով նահանջեց 47-րդ տեղ: Նույնպիսի արդյունք ունի նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: Սակայն նա 5-րդ տուրում հաղթել է իր մրցակցին եւ բարձրացել 46-րդ հորիզոնական: Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը իր վերջին պարտիան տանուլ է տվել եւ այժմ 2,5 միավորով ընթանում է 70-րդ տեղում: Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի հանդիպումները: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը սեւերով կմրցի հենց իր գլխավոր մրցակցի՝ Պավել Էլյանովի հետ: Սերգեյ Մովսեսյանը նույն խաղաքարերով կհանդիպի հնդիկ վարպետ Ռաթնակարանի հետ: Գաբրիել Սարգսյանին այս տուրում մրցակից է բաժին հասել կանադացի վարպետ Աման Հեմբլտոնը: