Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՇՏԿՄԱՆ ՕՐԵՆՔ

Քաղաքականություն

«Երկքաղաքացիության մասին դրույթը մեր ազգի համար պատմական անարդարության շտկման հիմքեր ունի»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Իսկ անարդարություն ասելով` նա նկատի ունի 1915 թ. ցեղասպանության պատճառով առաջացած դասական սփյուռքը եւ 1990 թ.-ից հետո դրա համալրումը: «Եթե չշտկենք այս անարդարությունը, ուրեմն մասնակից ենք դրան»:

Այն հարցին, թե գալիք խորհրդարանական ընտրություններին եթե ընդդիմությունը գա իշխանություն, ի՞նչ կլինի երեկ ընդունված երկքաղաքցիության վերաբերյալ օրենսդրական փաթեթի հետ, նա պատասխանեց. «Հույս ունեմ, որ այդ խնդիրների շուրջ պատմության անիվը ետ չի պտտվի, այլ առաջ կգնա»:

Ըստ Հրայր Կարապետյանի, տարբերություն չկա, թե որքան ձայնով է անցել երկքաղաքացիության մասին օրենքը, սակայն նա ավելի մեծ ակնկալիքներ է ունեցել. «Հույս ունեի, որ ԱԺ-ում այսպիսի կարեւորագույն օրենքը պետք է առանց դեմ-ի եւ ձեռնպահ-ի անցներ: Դրույթի ամրագրումը պետք է հզորացնի մեր երկիրը թե տնտեսական ներդրումների, թե բնակչության աճի, թե բանակի հզորացման առումով»:

Սակայն քվեարկության արդյունքները ինչ-որ առումով նաեւ զարմանալի չեն նրա համար. «Խորհրդարանում մարդիկ կան, որ կարեւոր չի` ինչ են քվերակում, կարեւորն այն է, որ կամ պետք է բոյկոտեն, կամ դեմ քվեարկեն: Վերջերս օզոնային շերտի պահպանման մասին կոնվենցիա էր քվեարկվում, զարմացա, որ շատ պատգամավորներ դեմ են քվերակում, որովհետեւ նրանք դեմ են, որ օզոնային շերտը պահպանվի եւ մարդկությունը գոյատեւի: Աբսուրդ է, ուր մնաց ազգային խնդիրները»: Հիշեցնենք, որ քվեարկությունից առաջ եւ ՄԱԿ-ը, եւ ընդդիմությունն փաստարկել են իրենց դիրքորոշումը հայտարարության տեսքով:

Հրայր Կարապետյանի կարծիքով, միանշանակ պետք էր գնալ այն ճանապարհով, ինչ ճանապարհով գնացել են մեծ սփյուռք ունեցող պետությունները` Իսրայելը եւ այլն: «Նրանց օրինակը ուսանելի է: Իդեալական տարբերակն այն է, որ երկքաղաքացին 100 տոկոսով օժտված լինի նույն իրավունքներով եւ պարտականություններով, բայց քանի որ որոշ քաղաքական խնդիրներ առաջացան, ՀՅԴ հաշվի առնելով օրենքի կարեւորությունը որպես քաղաքական փաստաթուղթ, մի շարք կոմպրոմիսների է գնացել»,- շեշտեց Հրայր Կարապետյանը:

Դաշնակցությունն առայժմ չի դիմի ՍԴ: «Այս պահին չենք պատրաստվում վիճարկել խնդիրը ՍԴ-ում, որովհետեւ օրենքներն ուժի մեջ են մտնում նախագահի ստորագրելուց հետո: Երբ օրենքը կգործի, այն ժամանակ կմտածենք, որովհետեւ սահմանադրության մեջ ընտրական ցենզի առումով տարբերույթուն չի դրված: Բոլորի համար հավասար պայմաններ են նախատեսված ընտրության մասնակցելու առումով»,- եզրափակեց Հրայր Կարապետյանը: