Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճարտարապետն զբաղված է ՀՀ նոր հիմնի ստեղծմամբ (տեսանյութ)

Հասարակություն
GBB_qKPY4ek

Ճարտարապետ Կորյուն Հակոբյանը, որն արդեն 50 տարի է՝ զբաղվում է իր մասնագիտությամբ, օրերից մի օր որոշել է զբաղվել Հայաստանի Հանրապետության նոր հիմնի երաժշտության հարցերով: «Ա 1 +»-ի հետ զրույցում ճարտարապետը պատմեց այդ գաղափարի ստեղծման նախապատմությունը: «Այս միտքը շատ պատահական հղացավ, երբ ամիսներ առաջ քթիս տակ երգում էի Արտեմի Այվազյանի «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմի երաժշտությունը: Ես ցանկանում եմ այդ երաժշտությանը համադրել Արամ Խաչատրյանի հիմնի երաժշտությունը: Այստեղ ցանկանում եմ համադրել երկու գաղափար: Ու պատահական չէ, որ այդ երաժշտությունը օգտագործել են Ղարաբաղյան շարժման ժամանակ՝ Օպերայի բակում»: Կորյուն Հակոբյանը նեկայացրեց, թե ինչ գաղափարներ է տեսնում այդ երաժշտությունների մեջ և ինչու է ցանկանում համադրել իրար: «Այստեղ ես ցանկանում եմ օգտագործել Ծիծեռնակաբերդի հուշարձանի մոտիվը: Առաջին հուշարձանը խորհրդանշում է մեր տխուր անցյալը, իսկ երկրորդը՝ պայծառ ապագան:Նույնը նաև փորձում եմ համադրել ես: Արտեմիի երաժշտությունը տխուր անցյալն է, իսկ Արամ Խաչատրյանինը՝ լուսավոր ապագան: Այդ երաժշտության համադրման գործում աշխատել է մեկ կոմպոզիտոր, սակայն նրա աշխատանքը ինձ չի գոհացնում: Խաչատրյանի գործիքավորումը պետք է ավելի ժամանակակից դառնա: Պետք է լինի թմբուկով ու քայլերթային: Այս գործիքավորումը մեծ գումարների հետ է կապված, որը ես ի վիճակի չեմ վճարելու»: Ճարտարապետը ընդգծեց, որ պատրաստ է բոլոր քննադատություններին և նախապես կարծում է, որ քիչ մարդկանց դուր կգա իր առաջարկը: «Ես ուզում եմ, որ տարբեր մարդիկ լսեն ու կարծիքներ արտահայտեն: Ովքեր կհավանեն այս երաժշտությունը, կլինեն եզկի ճաշակի տեր: Նրանք կհավանեն առաջին հերթին գաղափարը: Ես չեմ հավանում ներկայիս հիմնը, քանի որ էնտեղ հերոսականություն չկա: Ընտրել եմ հենց այս երաժշտությունները, քանի որ տեսնում եմ հերոսականություն, կոչ, Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» գաղափարը»: Կ. Հակոբյանը նշեց, որ պատրաստ լինելուն պես կներկայացվի համապատասխան հանձնաժողովին: