Արդյո՞ք ԵՏՄ անդամակցությունը չի խանգարի ԵՄ գործընկերությանը. ՀԱՐՑՈՒՄ (տեսանյութ)
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության երկրներն են՝ Բելառուս, Հայաստան, Ղազախստան,Ղրղզստան, Ռուսաստան: 2013 թ. սեպտեմբերի 3-ին ստորագրվեց և 2015-ի հունվարի 2-ից ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության մասին փաստաթուղթը: Որոշումն ընդունվեց մեկ գիշերվա ընթացքում, ինչը Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է Սերժ Սարգսյանը. երբ ներկաներից մեկը հարցրել է, թե Մաքսային Միությանը անդամակցելու հարցում ինչու չհարցրիք համայն հայության կարծիքը եւ հանրաքվե չանցկացրիք, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»: Այս տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե որոշ, հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են եւ պարզապես ծիծաղելի: Նոյեմբերին սպասվում է ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրում: Ըստ Սերժ Սարգսյանի՝ դրա համար խոչընդոտներ չկան: Արդյո՞ք ԵՏՄ անդամակցությունը չի խանգարի ԵՄ գործընկերությանը. առաջարկում ենք մասնակցել հարցմանը: