Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ երկրներից հետ ուղարկվող միգրանտների թիվը մեծանում է (տեսանյութ)

Քաղաքականություն
AJ

ՀՀ քաղաքացին Մոլդովայում կամ Մոլդովայի քաղաքացին ՀՀ-ում կարող են կես տարվա ընթացքում ընդհատումներով կամ անընդհատ գտնվել ոչ ավելի, քան 90 օր: «Փաստաթղթղերը, որոնցով կարող են այցելել հետեւյալն են. ՀՀ քաղաքացիների համար` դիվանագիտական անձնագիրը, քաղաքացու անձնագիրը, վերադարձի վկայականը: Նույնը վերաբերում է Մոլդովային, սակայն նրանց դեպքում ավելացված է ծառայողական անձնագիրը»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հանձնաժողովում քննարկվում էր «ՀՀ կառավարության եւ Մոլդովայի կառավարության միջեւ քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Պատգամավորների հիմնական դժգոհությունները վերաբերում էին նախագծին կից համապատասխան փաստաթղթերի, տեղեկանքների բացակայությանը: «Էս եղածի մեջ, երբ մենք նայում ենք հիմնավորումները, ապա տեսնում ենք՝ այդ հիմնավորում ասվածը ոտից գլուխ ֆորմալ բան է. բոլորը՝ մեկից մյուսին քոփի փեսթ արած»,- նկատեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը: «Ինչքան հնարավոր է՝ ինֆորմացիան ընդգրկուն պետք է լինի, բացված լինի ու հասկանալի լինի: Այսօր ամեն ինչ բացակայում է»,- նշեց ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:  «Սա վերաբերում է այն համաձայնագրերին, որոնք եղել են ԱԺ օրակարգում՝ ամբողջական փաթեթով, հետո  հետ են կանչվել: Ենթադրվել է, որ փաթեթը կա, բերվել է միայն օրենքի հիմնավորումը»,- պարզաբանեց Շավարշ Քոչարյանը: Նախագիծը միաձայն կողմ քվեարկությամբ ներառվեց ԱԺ նիստերի օրակարգ: Հանձնաժողովը քննարկեց նաեւ «ՀՀ կառավարության եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի միջեւ ՀՀ-ում կենտրոնի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: «Միանգամից ասեմ, որ կար մի հարց, որ կապված էր բանակի ծառայության հետ՝ եթե կենտրոնի աշխատակիցները ՀՀ քաղաքացիներ են, ապա այդ հարցը միանգամից հանեցինք, այսինքն՝ ոչ. այդպիսի արտոնություն ՀՀ քաղաքացիները, որոնք աշխատում են այդ կենտրոնում, չեն ունենա: Մնացած հարցերում մենք որեւէ խնդիր չենք ունեցել, եւ սա, ինչ-որ առումով, ստանդարտ փաստաթուղթ է»,- նշեց Շավարշ Քոչարյանը: Թեեւ Կենտրոնը ՀՀ-ում ստեղծվել է 1993թ., սակայն լիարժեք կգործի միայն այս համաձայնագրի վավերացումից հետո: Կենտրոնի նպատակն է ԵՄ չափանիշներին համահունչ հզորացնել եւ կատարելագործել ՀՀ միգրացիայի եւ սահմանների կառավարման համակարգերը՝ հանուն անվտանգության ամրապնդման, առևտրի խթանման, ինչպես նաեւ նպաստել ԵՄ եւ ՀՀ միջև վիզային ռեժիմի հնարավոր ազատականացմանն ուղղված երկխոսությանը: «Քննարկումների ժամանակ, օրինակ, անդրադարձ եղե՞լ է նրան, որ մենք ունենք ունիկալ մի իրավիճակ Արցախի հանրապետությունում, որտեղ կան փախստականներ, միգրանտներ, սակայն նրանց իրավունքների հետ կապված բավականին մեծ խնդիրներ կան՝ չճանաչվածության խնդրին առնչվող»,- հետաքրքրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը:  «Չի եղել դեռեւս, ապագայում այդ հարցը գրասենյակի առջեւ կարող ենք բարձրացնել՝ քննարկման հարց է: Իհարկե, միակ հանգամանքը, որ եղել է, ոչ թե ձեր բարձրացրած հարցն էր, այլ ընդհանուր առմամբ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում վիզաների դյուրացման հարցը»,- պատասխանեց Շավարշ Քոչարյանը:  Հանձնաժողովի 7 անդամից վեց ՀՀԿ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին՝ նախագիծը ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ներառելուն: Ելք խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը ձեռնպահ եղավ: Հանձնաժողովում քննարկվել է նաեւ ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի կառավարության միջեւ ստորագրված ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով՝ «եթե 2014-ին երկու հայց ենք ստացել անկանոն միգրանտի կարգավիճակում գտնվող անձանց վերադարձի վերաբերյալ, ապա 2017-ին այս պահի դրությամբ ստացվել է 57 անձի վերաբերյալ հայց: ԵՄ բոլոր երկրներից հայցեր կան, ու մեծանում է այս թիվը: Եթե անցյալ տարի 255 հայց ենք ստացել ԵՄ բոլոր երկրներից, այս տարվա դրությամբ 544 հայց կա»: