Հանրային պաշտպանը՝ իրեն քննադատողներին. «Ես այդտեղ իրավապաշտպան չեմ տեսնում» (տեսանյութ)
Շենգավիթի դատարանում այսօր լարված մթնոլորտ էր։ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստին hանրային պաշտպան Մարինե Թովմասյանի ներկայության դեմ ընդվզեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ «Ա1+»-ի տեսախցիկը ֆիքսեց Գասպարիին հեռացնելու պահը՝ առանց կադրում ցուցադրելու դատավարության մասնակիցներին։ Դա դուր չեկավ կարգադրիչներին, որոնցից առավել ագրեսիվը երկու անգամ խոչընդոտեց նկարահանմանը՝ ուժի գործադրմամբ հեռացնելով «Ա1+»-ի անձնակազմին։ Գասպարիին հեռացրին դատարանի շենքից՝ նրան պառկած թողնելով բակում։ «Մարինե Թովմասյանն իրավունք չունի ներկայանալ այն անձի անունից, ով իրեն չի լիազորել»,- հայտարարեց Վարդգես Գասպարին։ Վարդգես Գասպարիի կարծիքով՝ կարող է կրկնվել Շանթ Հարությունյանի դատավորության օրը Կենտրոնի դատարանի առջև կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի դատավարության սցենարը։ Նա 9 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ ներկա չլինելով իր դատին ու չունենալով պաշտպանություն։ «Սա դատական և իրավական համակարգի խայտառակությունն է։ Մնացել է մի հատ էլ հանրային ամբաստանյալների գրասենյակ բացեն Փաստաբանական պալատում, որ ում դատարանից հեռացնում են, բերեն մեկին վճարովի նստացնեն էդտեղ, որպեսզի էդ ամբաստանյալի դերակատարությունը կատարի, մինչև վճիռ կայացնելը»։ Գասպարիի և մյուսների քննադատությունն ուղղվեց հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի դեմ, երբ վերջինս Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի կամքին հակառակ ներգրավվեց որպես նրանց պաշտպան։ Մարինե Թովմասյանը չնայած հայտարարել է, որ դատարանում չի պաշտպանելու Սեֆիլյանի ու Պողոսյանի շահերը, բայց ներկայանում է դատարան։ Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը «Ա1+»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց իրավապաշտպանների ու գործընկեր փաստաբանների քննադատություններին։ Լրագրող - Ձեր դեմ մեղադրանքներ են հնչում, և ցանկանում ենք նաև Ձեր խոսքը ներկայացնել։ Փաստաբան – Ո՞վ է ներկայացնում։ Լրագրող – Տարբեր քաղաքացիներ, իրավապաշտպաններ, ձեր գործընկեր փաստաբանները։ Փաստաբան – Ես այդտեղ իրավապաշտպան չեմ տեսնում։ Ընդամենը 10 անձ։ Լրագրող – Իրենք ասում են, որ... Փաստաբան – Իրենց ասածն ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ինչո՞վ է հիմնավորվում, որ իրենք իրավապաշտպան են։ Շենգավիթի դատարանի առջև հավաքված Ժիրայր Սեֆիլյանի համակիրները փակեցին հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի ավտոմեքենայի ճանապարհը։ Ոստիկանների միջամտությամբ հանրային պաշտպանին հաջողվում է հեռանալ Շենգավիթի դատարանի բակից։ Սեֆիլյանի կողմնակիցների կարծիքով՝ Մարինե Թովմասյանը պետք է այլևս դատարան չներկայանա։ «Փակենք ճանապարհը, որ վերջապես ուղեղներին հասնի։ Ժիրայր Սեֆիլյանն ունի իր պաշտպանները, որոնց միտումնավոր հեռացնում են նիստերի դահլիճից, ու պատրաստվում են հանցագործ գործողությունների»,- ասում է Հասմիկ Սարգսյանը։ Մեկ այլ աջակից՝ Կառա Չոբանյանը, նշում է. «Փաստաբանն անցյալ նիստին ասեց՝ ես մնալու եմ և լռելու եմ, դուք երբևէ տեսե՞լ եք՝ լռելով պաշտպանություն։ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է նրա պաշտպանությունից»։ Իսկ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Դատարան չէին ներկայացել մեղադրյալ Հրայր Թոփչյանի պաշտպանները։ Ի դեպ, լրատվամիջոցներին այլևս արգելված է տեսագրել նիստի ընթացքը։