«Զբոսաշրջիկները մտահոգ են, որ հայ գրողների գրքերը քիչ են թարգմանվում»
Վերնիսաժում նկարիչները փաստում են, որ արտասահմանցի զբոսաշրջիկներն ավելի շատ են այդ տարածքում, քան հայերը: Մատենադարանում ու թանգարաններում նույնպես վստահեցնում են, որ վերջին ամիսներին արտասահմանցի զբոսաշրջիկները մեծ ոգևորությամբ են գալիս ու դրական, մտավոր լիցքերով հեռանում: «Նոյյան Տապան» գրատան խորհրդատու-վաճառողուհի Դոնարա Ադամյանը «Ա 1 +»- հետ զրույցում նշեց, որ զբոսաշրջիկները մտնելով այստեղ` ցանկանում են գրքերի միջոցով տեղեկություն ստանալ Հայաստանի մասին: «Զբոսաշրջիկներն այստեղ մտնելուն պես առաջնային ցանկանում են գնել գրքեր Հայաստանի ու Երևանի պատմության մասին, Քրիստոնեության մասին, թե ինչպես այն հասավ Հայաստան, ինչպես նաև հայոց ցեղասպանության մասին: Նրանք հիացմունքով են նշում, որ ուզում են իմանալ Հայաստանի պատմության մասին, քանի որ մենք ունենք շատ յուրահատուկ երկիր: Իսկ արտասահմանյան գրականություն հիմնականում գնում են, որ թռիչքի ժամանակ կարողանան կարդալ»: Դ.Ադամյանը նշեց, որ զբոսաշրջիկները գնային առումով բողոքներ չեն ունենում և շատ ժամանակ գրքերը ձեռք են բերում առանց գինն իմանալու. «Որքան էլ զարմանալի է, բայց վերջին շրջանում ամենամեծ ակտիվությունը պարսիկների մոտ է նկատվում, ովքեր հիմնականում գնում են Հայաստանի մասին գրքեր ու արտասահմանյան գրողների գրքերը: Եվրոպացիները ցանկանում են գնել հայ գրողների գրքերը, սակայն տեսնելով, որ քիչ գրքեր կան անգլերեն թարգմանված, իրենց հուսահատությունն են հայտնում: Նրանցից շատերն անգամ ցանկանում է տանել հայ գրողների գրքերն ու ուսումնասիրություններ անել: Ամենավաճառվող հեղինակը Հովհաննես Թումանյանն է, ում գրքերը գնում են թե՛ եվրոպացիները, թե՛ պարսիկներն ու սփյուռքահայերը: Զբոսաշրջիկների միակ մտահոգությունն այն է, որ հայ գրողների գրքերը քիչ են թարգմանված անգլերեն»: