Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աննա Ստեփանյանն իր պաշտոնում նշանակվել է օրենքի խախտումներով. Ա. Բախշյան

Քաղաքականություն
anna-stepanyan

Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանին Պարոն քաղաքապետ, Ձեր ենթակաների  համար  շատ վատ  օրինակ եք ծառայում Հարգելի պարոն Մարգարյան, Ստորև գրված տեքստն արտատպել եմ Երևանի պաշտոնական կայքից.   «07.06.2017  Աննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը:» Փորձել եմ գտնել Ձեր այդ կարգադրությունը, սակայն, ապշած եմ, մայիս,  հունիս ամիսների Ձեր կարգադրություններում այն պարզապես  գոյություն չունի: Ամեն հիմք ունեմ կասկածելու, որ այդ կարգադրությունն ուղղակի չկա:   Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն առանց Ձեր կարգադրությա՞ն է նշանակվել, իսկ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ի՞նչ իրավական փաստաթղթի հիման վրա է տարածել այդ տեղեկությունը: Ավելին, եթե անգամ կա, ապա  Դուք չէիք կարող այդ կարգադրության համար հիմք ընդունել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, որովհետև այն կիրառվում է միայն Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալիս (հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչեւ համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը): Ստույգ  գիտենք, որ տիկին Սողոմոնյանն իր դիմումի համաձայն է ազատվել այդ պաշտոնից, այսինքն այդ պաշտոնը ժամանակավոր չէր թափուր մնացել, հետևաբար Դուք չէիք կարող Ձեր չգրված   կարգադրությամբ այդ պաշտոնին, առանց մրցույթի նշանակել որևէ մեկին: «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ «համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով»: «Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի:» Մինչ օրս մրցույթի մասին հայտարարություն չկա, մրցույթը չի կայացել, կնշանակի Դուք չէիք կարող որևէ մեկին նշանակել այդ պաշտոնում: Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն այդ պաշտոնում նշանակվել է օրենքի խախտումներով՝ նախ կարգադրությունը չկա կայքում, երկրորդ՝ նշանակման հիմնավորումը օրենքի խախտմամբ է եղել, իսկ  նման դեպքերում  «Վարչարարության մասին»  ՀՀ օրենքն ասում  է. Հոդված 63. Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը

  1. Անվավեր է առ ոչինչ չհամարվող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով: Այսինքն, խախտումով  նշանակված վերոնշյալ պաշտոնյայի անցած երկու ամսվա որոշումներն ու ստորագրությունները  չեն կարող  ուժի մեջ լինել: Խնդրում եմ պարզաբանել  այս անօրինականությունը, որը շատ տարածված երևույթ է նաև Ձեր ենթակայության դպրոցներում, շատ վատ օրինակ եք ծառայում: Շնորհակալություն համագործակցության համար: Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան Ավագանու Ելք խմբակցության անդամ