Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր նախագահները միշտ ԿԳԲ-ի հետ են աշխատել եւ խոսել են ժողովրդավարությունից» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayrikyan

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը եկավ այն պահին, երբ Ազատ Արշակյանի ու Արամ Սարգսյանի հետ անցկացվող ասուլիսը դեռ չէր ավարտվել։ «Յա, ինձնից բացի Անկախությունից էլի խոսացող կա՞»,- հումորով նկատեց նա։ Ապա` անդրադառնալով ՀՀ անկախության հռչակագրի ընդունմանը, նա նշեց, որ այսպիսով պետականորեն փոխվեց պետական համակարգում եղած մարդկանց գաղափարը անկախության մասին. «Դրանից ամիսներ առաջ պետական ամենաբարձր ատյաններ զբաղեցնող մարդիկ, օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դեմ է արտահայտվել անկախությանը` ասելով` եթե ժողովուրդը ուզի, ինքը կկազմակերպի։ Մեր նախագահները միշտ երկու լարի վրա են աշխատել` եւ ԿԳԲ հետ են աշխատել, եւ խոսել են ժողովրդավարությունից. տարտամ արտահայտություններ են անում` միշտ տեղ թողնելով հետքայլի հետ։ Ընդամենը հայ ժողովուրդը կարողացավ իր հետեւողական քայլերով ունենալ անկախություն. Գորբաչովյան պերեստրոյկայի տարիներին միայն հայերն էին, որ պատրաստ էին անկախության, անմիջականորեն սկսեցին հրապարակել «Անկախություն» շաբաթաթերթը։ Արցախյան շարժումը սկսվեց այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը արդեն իր ծովից առաջ էր բերել ազգային ինքնորոշումը։ Երկրաշարժից հետո մյուս հսկայական չարիքը ՀՀ երեք նախագահներն էին»։  Ըստ նրա` սեպտեմբերի 21-ը ընդամենը հայ ժողովրդի կողմից օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրի վավերացման օրն է. «Դրա համար ապուշ ու սրիկա են բոլոր նրանք, որոնք այդ օրը կոչում են անկախության օր։ Հայ ժողովուրդը միշտ անկախություն է ունեցել` թեկուզ հատվածաբար։ 1918թ. մայիսի 28-ից հետո մեկ էլ օգոստոսի 23-ը կարող ենք համարել անկախության օր, այլ ոչ թե սեպտեմբերի 21-ը»:  Թե ինչու այս օրը ըստ պատշաճի չի նշվում, պարոն Հայրիկյանը մի նկատառում ունի. «Ինչպե՞ս կարող է ստրուկը ստրկատիրոջ` իմպերիալիստական Ռուսաստանի դեմ ուղղված երեւույթը տոնել։ Հայ ժողովրդի պայքարը չպետք է նույնացվի իմպերիալիստական երկրից անկախանալու հետ, մինչդեռ ամեն ինչ անում են, որ այն նույնականացվի արցախյան հերոսամարտի հետ»: Ի տարբերություն նախորդ տարիների, Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել էր առանց ձայնասկավառակների, գրքերի. «Բոլոր այդ նվերները պատրաստ են. կստանաք, երբ կայցելեք ինձ հյուր»։ Տոնին նվիրված Պարույր Հայրիկյանը ասմունքեց 1977թ. մարտ ամսին իր գրած «Ձոն անկախության» բանաստեղծության վերջին 5 տունը ու պատմեց մի պատմություն այս բանաստեղծության հետ կապված, երբ կինը այցելել էր իրեն` կալանավայր. «15 բանաստեղծություն էի գրել ու թաքցրել բանտախցի կոճղակի տակ, սակայն քիչ անց ինձ այլ բանտախուց են տեղափոխում։ Անցնում է դրանից 8 տարի։ Կինս մի օր ասում է, որ տեղյակ է այդ բանաստեղծություններից։ Զարմանում եմ։ Պարզվում է` ինձնից հետո այդ բանտախուց են բերում Ռազմիկ Մարկոսյանին։ Երբ նա իմանում է, որ այստեղ նախկինում ես եմ նստել, նա վստահ է լինում, որ ես ինչ-որ մի տեղ բանաստեղծություններ թաքցրած կլինեմ ու գտնում է կոճղակի տակից։ Նա ինձնից շուտ է դուրս եկել պատժախցից ու հրապարակել դրանք»։